Ինչ են քննարկել ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հանդիպման ժամանակ (տեսանյութեր, լրացված)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԲՀԿ գրասենյակում կայացել է Հայ ազգային կոնգրեսի և ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպմանը Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքի` ողջունելով ներկաներին ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չնայած որոշ դատարկ և իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ չափազանց ծանր են տանում այս ձևաչափով անցկացվող հանդիպումները, այդուհանդերձ փաստ է, որ դրանք սպասված են հանրության ու ժողովրդի կողմից:
«Երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այսօր բազմաթիվ են. դրանք հաղթահարելու համար լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիա է հարկավոր»,- իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը` շեշտելով, որ ոչ ոք ի զորու չէ երկիրը միայնակ դուրս բերել այս փակուղուց:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարևոր է համարել ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական ուժերին ուղղված մեսիջները՝ միաժամանակ նաև ընդգծելով, որ այս համագործակցությունը լուրջ հետևանքներ կթողնի հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա:
ՀԱԿ ներկայացուցիչները արդյունավետ, կառուցողական ու հեռանկարային են գնահատել սկիզբ դրվող համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ իրենք ԲՀԿ-ի հետ ունեն ընդհանուր ծրագրեր ու մոտեցումներ:
Զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ընդգծել է, որ համատեղ աշխատանքում պետք է գերիշխող լինեն փոխադարձ հարգանքն ու վստահությունը, իսկ կայացրած յուրաքանչյուր որոշում պետք է պարտադիր հիմնավորված լինի՝ առաջին հերթին արտացոլելով ժողովրդի կամքը:
«Այսօր կա համախմբվելու հասարակական պահանջ ու օրվա հրամայական»,-իր խոսքում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ու հավելել, որ միայն դրա շնորհիվ է հնարավոր երկրում զգալի փոփոխությունների հասնել:
Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրել են, որ սկիզբ դրվող համագործակցության առաջին պտուղները տեսանելի կլինեն առաջիկայում:
Տեսանյութը՝ ilur.am-ի և «Կենտրոն» հեռուստաընկերության