Գ. Ջհանգիրյան. Կոծկել ու պարտակել են իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին ու պատասխանատուներին

«Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անցել է վեց տարի, բայց մինչ օրս չեն բացահայտվել, և քրեական պատասխանատվության չեն  ենթարկվել առնվազն տասը սպանությունները կատարած, մի քանի հարյուր հոգու հրազենային, բեկորային և այլ ծանր վնասվածքներ հասցրած անձանցից և ոչ մեկը»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ մինչ օրս հարյուրավոր տուժածներ չեն օգտվել Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքից, չեն ստացել համարժեք փոխհատուցում:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե ստեղծված իրավիճակի համար ՀՀ  գործադիր,   դատական և օրենսդիր իշխանությունները պատասխանատվություն են կրում: «Գործադիրը` հանձինս ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ՀՔԾ-ի, ՀՀ դատախազության, չեն բացահայտել, քրեական պատասխանատվության չեն կանչել սպանություններ կատարողներին, ծանր վնասվածքներ հասցնողներին, արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ապօրինի ներգրավված զինված կառույցների ղեկավարներին ու ապօրինի զինված խմբերին: Մի խոսքով՝ կոծկել ու պարտակել են իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին  ու  պատասխանատուներին»,- ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե խոչընդոտել ու խանգարել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում ստեղծված Փաստահավաք խմբի աշխատանքները, անտեսել են Փաստահավաքի կազմած բոլոր զեկույցները, բայց ի վերջո՝ լուծարել են Փաստահավաք խումբը: «Դատարաններն այդ ընթացքում շինծու մեղադրանքներով դատել ու դատապարտել են  90 քաղաքացու, կալանավորել երկու անգամ ավելի մեծ թվով անձանց, մերժել են Մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդների անխտիր բոլոր հայցերը՝ իրավապահ մարմինների անգործությունը վիճարկելու, կյանքի իրավունքի խախտումները ճանաչելու և համապատասխան փոխհատուցում տալու վերաբերյալ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս