Սամվել Ֆարմանյան. «Պետք չէ ԱԺ ամբիոնը օգտագործել՝ ցույց տալու սեփական խիզախությունը, իբրև թե կարող եք մարդկանց անուններ հնչեցնել»

Այսօր ԱԺ-ում «Գովազդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր ուժերի կողմից հնչած քննադատություններից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մի պատմություն պատմեց։ «Զուլուսների ցեղախմբի մոտ մի ավանդույթ կա, քանի որ այնտեղ մթնոլորտային զեղումները շատ քիչ են, առաջնորդը, հենց հորդ անձրև է գալիս, բոլորին դնում է մի կողմ, ինքը հերոսաբար գլուխը սափրում է և գնում է պայքարելու, մնում է այնտեղ, հետո վերադառնում է, ասում՝ ես հերոսաբար հաղթեցի, և իմ պատճառով անձրևը դադարեց։ Կարծում եմ ԱԺ ամբիոնն այդ տեղը չի, որտեղ անուններ տալով` կարող են  փորձեն հերոսանալ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի հիշյալ պատությունը պատասխան էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին, ով հայտարարեց, թե գովազդի շուկան մոնոպոլացված է, պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին: 168.am-ի հետ զրույցում Սամվել Ֆարմանյանն՝ անդրադառնալով հնչած որոշ ելույթներին՝  ասաց, որ պետք չէ խորհրդարանական ամբիոնը օգտագործել հերոսանալու համար:

«Ես ուզում էի ասել, որ քննարկումների ընթացքը, հատկապես վերջին ելույթը, ինձ հիշեցրեց մի հետաքրքիր դիպված: Կենտրոնական Աֆրիկայում բնակվող տարբեր ցեղատեսակներ կան, որոնցից մեկը զուլուսներն են, շատ հայտնի ցեղախումբ են: Նրանց կյանքը շատ ծիսական է, մինչև հիմա հավատում են բարի և չար ուժերին: Զուլուսների պատկերացմամբ՝ անձրևը, որը Աֆրիկայում ոչ հաճախ հանդիպող երևույթ է, առավել ևս՝ հորդ անձրևը, ասոցացվում է չար ուժերի հետ: Զուլուսների կրոնական պատկերացումների համաձայն, նրանց դեմ պետք է պայքարել, որ անձրևը դադարի: Նման իրավիճակում, երբ սկսում է հորդ անձրև տեղալ, զուլուսների առաջնորդը հատուկ ծիսակարգով, ցեղախմբի մյուս ներկայացուցիչներով շրջապատված, ծիսական հագուստ է հագնում, գլուխը սափրում է, զինվում է ավանդական զինատեսակներով և մի թատրոն է բեմականացնում, որի սցենարը մոտավորապես այսպիսին է. կարևոր, ազդեցիկ առաջնորդները իբրև չեն ուզում իրենց գլխավորին՝ առաջնորդին թողնել, որ նա միայնակ պայքարի չար ուժերի դեմ, որպեսզի տեղատարափ անձրևը դադարի, բայց առաջնորդը որպես հերոս, բոլորին ասում է, թե պետք չէ իր հետ գնալ, և գնում է անհայտ ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց գնում է մի տեղ թաքնվում է՝ ծառերի, թփերի մեջ, սպասում է մինչև անձրևն ավարտվում է, խիզախի տեսքով հետ է վերադառնում և նրան դիմավորում են որպես հերոսի: Ասածս այն ենթատեքստն ունի, որ առաջնորդն էլ շատ լավ հասկանում է, որ խաբում է, սուտ է, որ իրականում չար ուժերի դեմ չի պայքարում, բայց ինչի՞ են դա անում, որովհետև զուլուսների համար դա լեգիտիմ միջոց է, որ ցեղախմբի առաջնորդը հետևորդներին ցույց տա իր հատուկ խիզախությունը, ուժը, որ միայնակ կարող է պայքարել չար ուժերի դեմ: Հիմա ինչի՞ այդ օրինակը իմ մտքին եկավ, որովհետև պետք չէ ամբիոնը օգտագործել ցույց տալու սեփական խիզախությունը, իբրև թե ինքը կարող է մարդկանց անուններ հնչեցնել»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս