Հրայր Թովմասյան. Չգիտեմ՝ ինչու հանկարծ մարդիկ մի օրում Հանրային հեռուստաընկերությանը քացու տակ քցածից հայտնվել են դրա պաշտպանի դերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունը կարողանալու է առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի լիարժեք կատարել իր վրա դրված պարտականությունը: ԱԺ ամբիոնից «Գովազդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, թե ի սկզբանե մտադիր էր խոսել միայն նախագծի շրջանակներում, սակայն որոշել է պատասխանել նաև հնչած քաղաքական հարցադրումներին:

«Երևի այս ամբիոնը նաև քաղաքական ամբիոն է, պետք է նաև պատասխաններ տալ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ես չգիտեմ՝ ով ինչ է մտածում, երբ իր ազդեցության տակ գտնվող թերթում իրեն ժամանակին կուռք դարձրած Հանրապետության առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես չգիտեմ, չգիտեմ՝ ինչու ես այսպես մտածում: Ես ուզում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունը, երբ որ իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ի՞նչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն՝ էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ միայն կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն: Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, բայց ես ուզում եմ նման Հանրային հեռուստաընկերություն ունենալ, ես չգիտեմ, թե ինչու հանկարծ մարդիկ մի օրում Հանրային հեռուստաընկերությանը քացու տակ քցածից հայտնվել են դրա պաշտպանի դերում, չգիտեմ… չգիտեմ, ինչու են մարդիկ երկու երեք հեռուստաընկերության անուն տալիս, վախենում կամ կարկամում դրա անունը տալուց, չարձանագրում, որ հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում»,- նշեց նա:

Հրայր Թովմասյանն ասաց, որ չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԱԺ ամբիոնից ով ավելի բարձր խոսեց, ուրեմն՝ ճիշտ է: «Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը երևանյան բակերում ժավել ծախող տիկինը կլիներ, կամ էլ տղամարդը, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ասում»,- նշեց նա:

Հրայր Թովմասյանն ասաց, թե ինքը ուզում է, որ Հանրային հեռուստաընկերությունը դառնա նմուշ, օրինակ ծառայի մյուս հեռուստաընկերությունների համար:

Տեսանյութը՝ panorama.am-ի

Տեսանյութեր

Լրահոս