Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդները
Հայաստանի Հանրապետության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի դուետը կամ տանդեմը, երևում է, բավական արդյունավետ է գործում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Տեր-Պետրոսյանն իր ելույթում Ծառուկյանին կարգեց որպես Իվանիշվիլի՝ ընդունելով ընդդիմությանն առաջնորդելու նրա ոչ իշխանական իրավունքը կամ լեգիտիմությունը: Ծառուկյանն էլ օպերատիվ արագությամբ անցել է իր ասածները որպես պատգամ ընկալող ՀԱԿ կուսակցության առաջնորդի ներկայացրած իշխանափոխության ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Երեկ ԲՀԿ նախագահն իր աշխատասենյակում ընդունել է ամբողջ 124-ամյա Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդների եռյակին ու նրանց տետ ա տետ փոխանցել է իր պատգամները: Ծառուկյանի ու դաշնակցականների խոսակցության բովանդակությունը քննարկման այլ նյութ է, որին անդրադառնալու առիթներ հաստատ առաջիկայում շատ կլինեն:
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Ծառուկյանն արդեն ի տես բոլորի՝ ստանձնել է ընդդիմության առաջնորդի կամ համակարգողի իր դերը և, ըստ էության, հերթով իր մոտ է կանչում իր առաջնորդությունն ընդունած կամ ընդունելու պատրաստ ուժերի ներկայացուցիչներին: Դաշնակցականների հետ հանդիպումից հետո այդ հանդիպման ընթացքում լուռ համաձայնություն ու անհուն մտահոգություն արտահայտող դեմքով Ծառուկյանի կողքին նստած Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իրենք ուրախ կլինեն առաջիկայում նույն տեղում՝ այսինքն՝ Ծառուկյանի մոտ, տեսնել նաև «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչներին: Մեծ հավանականությամբ, դա տեղի կունենա, քանի որ այն, ինչով զբաղվում են ՀԱԿ-ի՝ բոլոր, և «Ժառանգության»՝ առայժմ որոշ անդամներ, ոչ այլ ինչ է, քան մի գործընթացին նպաստելը, որի հաջողության դեպքում՝ կարճաժամկետ կտրվածքով, Ծառուկյանը կարող է դառնալ վարչապետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2017-18 թվականներին, ընտրական ցիկլում իշխանության հակակշիռ բևեռի առաջնորդ:
Տեր-Պետրոսյան-Ծառուկյան զույգին որպես տանդեմ գնահատելն, իհարկե, չափազանցություն է: Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով ճանաչել է Գագիկ Ծառուկյանի գերակայությունն իր նկատմամբ: Այսինքն՝ ոչ իշխանական ուժերի հիերարխիայում Տեր-Պետրոսյանը կանգնած է Ծառուկյանից առնվազն մեկ մակարդակ ցածր հարթությունում:
Այս երևույթի բարոյական ու էսթետիկական կողմը մի կողմ թողնելով, թերևս, արժե արձանագրել նաև, որ այդպիսով Տեր-Պետրոսյանն առնվազն ընդունում է իր ստորադասությունը՝ նաև իր իրավանախորդ Ռոբերտ Քոչարյանի, իսկ որոշակի այլ իրողություններ հաշվի առնելով՝ նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Որովհետև Գագիկ Ծառուկյանն ինքն իր հերթին՝ քաղաքական առումով հաստատ ստորադաս է Ռոբերտ Քոչարյանին, իսկ բիզնեսի ներկայիս գոյությունն ու ապագան ապահովելու իմաստով՝ Սերժ Սարգսյանին, ինչի դիմաց առայժմ վճարում է հոտընկայս կենացներով:
Այսպիսով, Տեր-Պետրոսյանը կամ ստորադասվել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ առանձին-առանձին, կամ Քոչարյան-Սարգսյան տանդեմին՝ միասին վերցրած: Համենայնդեպս, նրա կողմից հռչակված ու Ծառուկյանի կողմից իրագործվող ճանապարհային քարտեզը հանգեցնելու է հանգրվանի, որում կա՛մ Սերժ Սարգսյանն է պահպանելու իշխանությունը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանն է վերադառնալու իշխանության: