
Տուրչինովը Ռուսաստանին հիշեցրել է, որ Ուկրաինա զորքեր մտցնելու խնդրանք կարող է ներկայացնել միայն խորհրդարանը

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն է ընդունել, որում Ռուսաստանին հիշեցրել է, որ Ուկրաինա զորքեր մտցնելու խնդրանք կարող է ներկայացնել միայն խորհրդարանը: Համապատասխան հայտարարությունն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստում:
Դրա օգտին քվեարկել է 239 պատգամավոր: Խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է. «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Ուկրաինայի Սահմանադրության ու օրենսդրության համաձայն, միայն Գերագույն ռադան կարող է որոշում ընդունել անհրաժեշտության դեպքում օտար զորքեր մտցնելու մասին: Դա բացառապես խորհրդարանի իրավասության տակ է»:
Տուրչինովը հավելել է, որ իրենք պատրաստվում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին արտահանձնելու հարցով դիմել Ռուսաստանին: