Յանուկովիչը Պուտինին խնդրել է զորքերը մտցնել Ուկրաինա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է զորքեր մտցնել Ուկրաինա:
Չուրկինն այս մասին հայտարարել է ՄԱԿ ԱԽ-ի նիստի ժամանակ: Նա ցուցադրել է Յանուկովիչի նամակը, ըստ որի՝ Յանուկովիչը համապատասխան խնդրանքով Պուտինին դիմել է մարտի 1-ին: Ռուսաստանում Յանուկովիչին համարում են Ուկրաինայի լեգիտիմ նախագահ:
Նամակում Յանուկովիչը վստահեցրել է, որ Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանության զավթում, և որ Ուկրաինան հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին, ինչպես նաև այն, որ Ուկրաինայում տիրում է քաոս ու անարխիա:
Նամակում նշված է նաև, որ Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածի ու Ղրիմի բնակիչների կյանքը, անվտանգությունն ու իրավունքները սպառնալիքի տակ են, մարդկանց հալածում են՝ ելնելով նրանց քաղաքական ու լեզվական պատկանելությունից.
«Դրա հետ կապված՝ դիմում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը՝ Ուկրաինայի բնակչության համար օրինականության, խաղաղության, կարգուկանոնի, կայունության ու պաշտպանության վերականգնման համար»:
Չուրկինն ընդգծել է, որ հենց դա է իրենց դրդել օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը՝ արդարության վերականգնման համար: