Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ ես 3 անգամ ճիշտ դուրս եկա. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցում ներկայացված վերլուծությունը արմատական փոփոխությունների հետ է կապված՝ իշխանական կառուցվածքում և տնտեսությունում: Նման տեսակետ այսօր զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտնեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ տնտեսական համաներումը պետք է լինի ինդուլգենցիայի շրջանակներում՝ որոշակի գումարի դիմաց ներողամտություն արվի. «Ցանկացած պարագայում, հատկապես եթե խոշոր բիզնեսն ունենա այն կարծիքը, որ իշխանափոխության պարագայում իրենք կկորցնեն իրենց դիրքը, կշարունակվեն այն ընտրությունները, որոնք կան: Ուստի ինդուլգենցիայի կիրառումը այդ արատավոր շղթայի ընդհատման ճանապարհ է»:
Ա.Մարտիրոսյանը նշեց, որ, ցավոք, 3 անգամ ճիշտ է դուրս եկել՝ ի տարբերություն վարչապետ Տիգրան Սարգսյանի. «Դեռ 2008թ-ի տարեվերջյան ուղերձում վարչապետը զեկույցում առկա խնդիրները դրել էր, բայց մինչև հիմա ոչ մի քայլ չարվեց այդ ուղղությամբ»:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ զեկույցում կրթական խնդիր է դրվում, բայց այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:
«Մեր երկիրը ոչ թե ծերացող, այլ արտագաղթող երկիր է, ծրացումը դրա հետևանքն է»,- նկատեց Ա.Մարտիրոսյանը: