Էրդողանը Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա: Էրդողանը հայտարարել է, որ եթե Գյուլենը մաքուր է և վստահ է իր անմեղության մեջ, ապա նա պետք է վերադառնա Թուրքիա:
Էրդողանն ընդգծել է, որ Գյուլենի շարժումը, որին ավելի վաղ նա անվանել էր «զուգահեռ կառույց», իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ չի հանդիսանում կրոնական հոսանք և որ քաղաքականացված ու ապօրինի կառույց է:
Ավելի վաղ Էրդողանը և նրա կուսակցությունը Գյուլենին քանիցս կոչ են արել վերադառնալ Թուրքիա, սակայն դրանք բոլորն էլ մնացել են անարձագանք:
Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը 1998 թվականին (1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո) մեղադրվել է գործող կարգը տապալելու փորձի մեջ և 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, նա իսլամի մասին ավելի քան 50 գրքերի ու հոդվածների հեղինակ է և մեծ ազդեցություն է ունեցել Էրդողանի իսլամական հայացքների վրա:



