Սևան Նշանյանին տեղափոխել են Թուրքիայի ամենատխրահռչակ բանտերից մեկը. Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանը, ով ազատազրկում էր կրում Թորբալըի «բաց» բանտում, տեղափոխվել է Բուջայի բանտ: Վերջինս հանդիսանում է Թուրքիայի ամենավատ և տխրահռչակ բանտերից մեկը:
Որպես տեղափոխման պատճառ է նշվում բանտից Նշանյանի գրած նամակը, որում նա վստահեցրել է, որ բանտի աշխատակիցը գողացել է իր կրեդիտ քարտը: Բանտից Նշանյանի գրած նամակները նրա որդին հրապարակել է համացանցում: Դրանից հետո հետաքննություն է սկսվել Նշանյանի դեմ, որի շրջանակներում էլ որոշվել է նրան տեղափոխել ավելի խիստ ռեժիմ ունեցող բանտ:
Նշանյանին «ապօրինի» շինարարություն ծավալելու համար դատապարտել են երկու տարվա ազատազրկման «բաց» բանտում, որտեղից հնարավոր է մի քանի ամիսը մեկ անգամ մի քանի օրով դուրս գալ բանտից։ Ոչ վաղ անցյալում Նշանյանը մի քանի օրով ստացել էր բանտից դուրս գալու թույլատրություն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը Նշանյանը հայտարարել էր, թե Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագույնը 16.000-ի անունները թուրքացվել են. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո սկսվել է տեղանունների թուրքացման գործընթացը, որը լայն թափ է հավաքել 1950-ական թվականներին, երբ ստեղծվեց «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողովը»։
1980 թվականից հետո այդ գործընթացը բավական արգելակել է։ Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագայունը 16.000-ի անունները փոփոխված են։ Ամենաշատ փոփոխությունները կրել են հյուսիսարևելյան սևծովյան (Տրապիզոն, Ռիզե, Արդվին) և հարավարևելյան քրդական շրջանները։ Այս երկու տարածաշրջաններում տեղանունների փոփոխման ցուցանիշը կազմում է ավելի քան 75 տոկոս։ Որոշ վայրերում դա հասնում է 80-85 տոկոսի։
Միևնույն ժամանակ տեղանունների անվանափոխություն է տեղի ունեցել նաև երկրի բոլոր հատվածներում՝ Մուղլա, Յոզգաթ և այլն։ Տեղանունները փոխելու նպատակն բոլոր այն բաների հետքերի սրբումն է, որոնք թուրքական կամ իսլամական չէին։ Տեղանունները փոխարինվեցին թուրքերեն անուններով, փոխվեցին նաև այն թուրքերեն անունները, որոնք իրենց մեջ չէին պարունակում ո՛չ իսլամական, ո՛չ էլ թուրքական տարրեր»։