Բաժիններ՝

Հայաստանում սահմանափակված է իրենց կառավարությանը փոխելու քաղաքացիների իրավունքը. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր ավանդական տարեկան զեկույցը:

Հայաստանի հետ կապված՝ զեկույցում նշված է, որ 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ: ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը դրանց անցկացումը ընդհանուր առմամբ որակել է որպես պրոֆեսիոնալ, բաց ու թափանցիկ՝ հիմնական ազատությունների պահպանմամբ:

Չնայած այդ ամենին՝ գրանցվել են մի շարք թերություններ՝ կապված անհավասար պայմանների, քվեարկության օրը գրանցված լուրջ խախտումների և ընտրական գործընթացի ամբողջականության հետ: Իշխանություններն արդյունավետորեն վերահսկել են անվտանգության ուժերը, սակայն անվտանգության ուժերի մի շարք անդամներ խախտել են մարդու իրավունքները:

Տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենաէական խնդիրներն են հանդիսացել կոռուպցիան ու կառավարության գործունեությունում թափանցիկության բացակայությունը, իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակ լինելը, դատական իշխանությունների սահմանափակ անկախությունը:

Իշխանական բոլոր մակարդակներում կոռուպցիայի շարունակման մասին պնդումները խաթարել են երկրում օրենքի գերակայությունը՝ թեև իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել՝ ցածր ու միջին օղակներում կոռուպցիոն դեպքերի պատժման համար:

Չնայած նրան, որ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց ընտրական կամպանիան՝ այդ ընտրություններում գրանցվել է կողմնակալություն ու պետական ռեսուրսների չարաշահում՝ իշխող կուսակցությանն աջակցելու նպատակով:

Վստահության արժանի են մարդկանց ձայները գնելու մասին հավաստիացումները: Թերություններ կան նաև բողոքների դիտարկման ժամանակ: Մտահոգիչ են քվերակության ժամանակ գրանցված լուրջ խախտումներն ու քվեներ հաշվարկման գործընթացը:

Դատարանները քաղաքական ճնշման են ենթարկվել գործադիր իշխանության կողմից, ինչի հետևանքով գրանցվել են քաղաքական դրդապատճառներով մի շարք հալածանքներ ու դատավճիռներ: Բացի այդ, Սահմանադրական դատարանը զգալի վերահսկողություն է իրականացնում բոլոր մակարդակի դատարանների որոշումների նկատմամբ:

Պետդեպարտամենտի զեկույցում խոսք է գնում նաև նախորդ տարի բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված զինծառայողների կասկածելի մահվան դեպքերի մասին, նշված է, որ շարունակվում է «դեդովշչինան» և նորակոչիկների նկատմամբ ծաղրական վերաբերմունքը սպաների ու նրանց ծառայակիցների կողմից, բացակայում է նման գործողությունների համար պատասխանատվության ենթարկվելը:

Ոստիկանությունը շարունակել է կտտանքներ կիրառել՝ խոստովանական ցուցմունքներ ստանալու համար և ծեծի է ենթարկել քաղաքացիներին ձերբակալման ու հարցաքննման ժամանակ: Հայաստանի շատ բանտեր լեփ-լեցուն են, գտնվում են հակասանիտարական վիճակում, բանտարկյալների համար չեն բավականացնում բժշկական ծառայությունները:

Իշխանությունները շարունակել են անհիմն ու կամայական ձերբակալություններն ու կալանավորումները, դատավարությունները հաճախ ձգձգվել են, չի պահպանվել արդար դատավարություն անցկացնելու մասին օրենքը: Իրականացվել են ապօրինի խուզարկություններ ու պետության կողմից մասնավոր կյանքին անհարկի միջամտություններ:

Ոչ ընտրական շրջանում տարվա ընթացքում ԶԼՄ-ների լուսաբանման մեջ չի բավականացրել քաղաքական բազմակարծությունը: Թեև կառավարությունն ազատ է արձակել բանտարկված Եհովայի վկաներին՝ կառավարության սահմանափակումներից տուժել են կրոնական մի շարք խմբեր, որոնք իրավական առումով խոչընդոտների չպետք է հանդիպեին իրենց գործունեության ժամանակ:

Կրոնական փոքրամասնությունների անդամները տուժել են սոցիալական խտրականությունից: Ընտանեկան բռնությունը շարունակում է խնդիր մնալ, սակայն նման դեպքերը հիմնականում չեն հասնում իշխանություններին: Մարդավաճառությունը նույնպես շարունակում է խնդիր մնալ՝ չնայած իշխանությունները ջանքեր են գործադրել դրա դեմ պայքարելու համար:

Սահմանափակ հնարավորություններով մարդիկ խտրականության են հանդիպում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Զինվորականներն ու բանտային իշխանությունները խտրական վերաբերումունք են ցուցաբերում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, իրականացնում են չարաշահումներ: Սոցիալական խտրականությունը նույնպես շարունակում է խնդիր մնալ:

Կառավարությունը սահմանափակել է աշխատավորների իրավունքների, աշխատանքային օրենսդրությունը թույլ է պաշտպանված: 2013 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի իշխանությունները դեռ ոչ ոքի չեն ենթարկել պատասխանատվության՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված բախումների հետևանքով 10 մարդու զոհվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս