Ուկրաինայի ժողովուրդը վճռական էր, դրա համար էլ հաղթեց
Հարցազրույց Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Իգոր Շևլյակովի հետ
– Պարոն Շևլյակով, խոսակցություններ կան, որ Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականների շարժ է նկատվել: Ի՞նչ տեղեկություն ունեք:
– Տարբեր տեսանյութեր են տարածվել ինչ-որ զինված ուժերի առկայության մասին, բայց ո՛չ այդ զորքերի տեղակայման, ո՛չ տեղաշարժի մասին որևէ արձանագրություն ուկրաինական դեսանտի կողմից չի եղել: Ղրիմում առկա սահմանային վերահսկողության բոլոր սարքավորումներն այդ տեղեկությունները չեն հաստատել առայժմ: Իհարկե, չի կարելի բացառել, որ Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայությունը մեծ հնարավորություններ է բացում նման բնույթի գործողությունների համար, որը դժվար է բացահայտել: Բայց այս պահին դա հաստատել, երևի թե, կդժվարանամ:
– Ինչպե՞ս կգնահատեք Ուկրաինայի վերջին իրադարձությունները, Մայդանում կատարվածը:
– Վերջին ամիսներին Մայդանում տեղի ունեցածը կարող եմ այսպես բնորոշել` ժողովուրդն ըմբոստացավ մի իշխանության դեմ, որը, բացի իր գրպանից, ոչ մի այլ բանի մասին չէր մտածում և հանուն դրա գնում էր հանցագործությունների, որոնց թիվը հետզհետե է՛լ ավելի էր շատանում, ինչը հասցրեց հունվարի 19-20-ի և դրան հաջորդած արյունալի իրադարձություններին:
Արդյունքում` իրավիճակը փաստացի դուրս եկավ վերահսկողությունից, և նաև պարզ դարձավ, որ այս իշխանությունը ճնշումների մեծացման ռեսուրս այլևս չունի: Իսկ ժողովուրդը վճռական էր տրամադրված պայքարելու և չընկրկեց, դրա համար ըմբոստացած ժողովուրդը հաղթեց:
– Մեզ մոտ` Հայաստանում, 2008-ին ժողովուրդը նույնպես ըմբոստացավ իշխանության դեմ, սակայն ամեն ինչ ավարտվեց 10 զոհերով, և իշխանափոխությունը չհաջողվեց: Ձեր կարծիքով` ո՞րն է Մայդանի հաջողության բանալին, և ի՞նչ դաս կարելի է քաղել ուկրաինական փորձից:
– Վերագնահատելու և դասեր քաղելու շատ բան կա, ինչը շատ տարբեր չափումներ ունի: Տվյալ դեպքում տեղ ունեին մարդկային, հասարակական գործոններ այնպես, որ կային բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել դրված նպատակներին հասնելու համար: Սա` ժողովրդի կողմից: Իսկ ուժային կառույցների կողմից ակնհայտորեն ծայրահեղ քայլերի դիմելու պատրաստ անձնավորությունների քանակը շատ ավելի քիչ էր, և դրա արդյունքում` ժողովուրդը հաղթեց: Սա ստեղծված իրավիճակի ասպեկտներից միայն մեկն է, դրանք իրականում ավելի շատ էին:
– Կարո՞ղ ենք ասել, որ Ուկրաինան արդեն մեջքով է շրջվել Ռուսաստանին, և Մաքսային միությանը միանալու հարցն այլևս չի բարձրացվի:
– Առաջին հերթին՝ այո, այն մարդիկ, որոնք այժմ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, հայտարարում են, որ Ուկրաինան վերադառնում է եվրաինտեգրման ուղի: Դա ռազմավարական խնդիր է ներկայիս պահի համար, և միաժամանակ խոսվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Ոչ ավելին:
– Ուկրաինայում նախատեսվում են նախագահական ընտրություններ, և խոսվում է, որ դրանից հետո կստորագրվի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:
– Այո, կա նման տեղեկություն: Իրականում մարդիկ այդ մասին սկսեցին խոսել անմիջապես նրանից հետո, երբ նշանակվեց նախագահի պաշտոնակատար, բայց ակնհայտ է, որ դիվանագիտական տեսանկյունից քաղաքական խելամիտ քայլ կլիներ, եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նման փաստաթուղթը ստորագրի երկրի օրինական ընտրված նախագահը, քանի որ այդ անձը պետք է ունենա ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում իրեն տրված լիազորություններ: Իսկ նման նպատակ դրված է երկրի առջև, և մենք շարունակելու ենք շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ: Այլ հարց է, որ նոր ընտրված իշխանության առջև խնդիր է դրվելու, թե ինչպես իրականացնել այդ համաձայնագրի պայմանները: Դա շատ լուրջ աշխատանք է, որը դեռ չէր էլ սկսվել, և այստեղ կարիք կլինի ցուցադրել կազմակերպչական ու դիվանագիտական ողջ ունակությունները:
– Ի՞նչ եք կարծում` ի՞նչ կձեռնարկի Ռուսաստանն այս ամենից հետո, ՌԴ-ն դեռ որևէ գործիք ունի՞ ներազդելու ուկրաինական զարգացումների վրա:
– Առաջին հերթին` այն զինանոցը, որ ի ցույց էր դրվել, դա առևտրային պատերազմն ու արտաքին քաղաքական ճնշումներն էին, քարոզչությունը, և այլն: Հուսով ենք, որ տնտեսական ու դիվանագիտական լծակների կիրառումից այն կողմ գործը չի անցնի: Բայց դեռ գոնե պաշտոնապես ռուսական ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում առավել նյութապես և ուժային միջամտել Ուկրաինայի ներքին գործերին:
– Ի՞նչ է սպասվում արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
– Քանի որ Յանուկովիչի մերձավոր շրջապատի մարդիկ մեծամասամբ երես թեքեցին և հրաժարվեցին նրանից, դեռ ավելին` շատերը հենց նրան են միանձնյա մեղավոր ճանաչում ստեղծված իրադրության մեջ, ապա շատ մեծ է հավանականությունը, որ նա պարզապես կկորի, կանհետանա, ու այլևս նրան չեն գտնի:
– Այսինքն` Հաագայում դատական գործընթաց չի՞ լինի:
– Ես ի նկատի ունեմ, որ ավելի շուտ նրան ինչ-որ կերպ կվերացնեն, որ հետքն էլ չգտնեն, բայց մյուս կողմից` կարելի է խոսել այն մասին, որ, եթե նա մնացել է Ուկրաինայում, և իր մերձավորները հենց նրա դեմ մահափորձ չիրականացնեն, ապա, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ կհաջողվի նրան գտնել, ձերբակալել և այնուհետև քննություն իրականացնել օրենքով և իրավական թույլատրելի բոլոր միջոցներով: Այլ տարբերակ էլ կա, որ նա ամեն դեպքում արդեն կարողացել է կամ մոտ ապագայում կկարողանա լքել Ուկրաինայի տարածքը, և հետագայում գործի կդրվեն միջազգային մեխանիզմները:
Այստեղ, իհարկե, շատ բան կրկին կախված է Ռուսաստանից, քանի որ խոսել այն մասին, որ նա ունի համախոհներ, որոնց վրա նա կարող է հույս դնել այլ երկրներում, ապա դա, իհարկե, Ռուսաստանն է:
– Ամեն դեպքում, եթե գործը հասնի դատարան, ի՞նչ պատիժ նա կկրի իրականացված հանցագործությունների համար:
– Եթե ամեն դեպքում գործը հասնի միջազգային տրիբունալին, իսկ դա բոլորովին պարտադիր չէ, քանի որ գերադասելի է, որ նրան դատեն ուկրաինական օրենքներով, ես, ճիշտն ասած, միջազգային քրեական պրակտիկային այնքան էլ ծանոթ չեմ, բայց գիտենք, որ կան շատ օրինակներ, երբ բռնակալները պատասխանատվության են ենթարկվել նույնիսկ տասնյակ տարիներ անց: Դրա վառ օրինակը Հարավսլավիայում տեղի ունեցածն է: