2008-ի այս օրը. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Այսօր փետրվարի 26-ն է: Առաջին հայացքից սովորական, ոչնչով աչքի չընկնող ու օրացուցային էջերում կարմիրով կամ սևով չնշված մի օր: Սակայն փետրվարի 26-ն իրականում այնքան էլ սովորական չէ: 2008-ից ի վեր այդ օրը շատ խորհրդանշական օր է հասարակության համար:
2008-ի փետրվարյան տասնօրյա հանրահավաքներն ըստ էության հենց այդ օրն էին հասել իրենց գագաթնակետին՝ փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանն, այսպես ասած, կոնտրհանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում, և այդ օրը հանրահավաքի բերման ենթարկված քաղաքացիները հոծ շարքերով լքեցին Սերժ Սարգսյանի հանրահավաքը և Հյուսիսային պողոտայով միացան Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին, քանի որ մինչ այդ նրանք չունեին դրա հնարավորությունը՝ մարզերից թույլ չէին տալիս գալ մայրաքաղաք, նաև օլիգարխների հիմնարկներից թույլ չէին տալիս միանալ Ազատության հրապարակի հանրահավաքներին:
Շատերի գնահատմամբ` 2008 թվականի փետրվարի 26-ին բաց թողնվեց փետրվարյան հանրահավաքների ամենահարմար պահը, երբ պետք էր անցնել վճռական գործողությունների: Չենք համարձակվում դատել այս կապակցությամբ, որովհետև ամեն ինչ շատ հարաբերական է, և դժվար է ասել, թե ինչ կստացվեր այդ գործողությունների արդյունքում, և ընդհանրապես ինչպիսին պետք է լինեին այդ գործողությունները: Տարիների հեռվից դատելը շատ հեշտ է, հետին թվով պնդումներ կամ հաշվարկներ կատարելը նույնպես: Այդ իսկ պատճառով մենք ձեռնպահ կմնանք նման դատողություններից:
Խնդիրն այսօր այն է, որ հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքը առ այսօր շարունակում է կարոտ մնալ փետրվարի 26-ի, ըստ որում` ոչ միայն թվաքանակի, այլ նաև այդ օրվա հանրային էներգետիկայի, ոգևորության, հոգեբանական վերելքի առումով: Եվ ինչքան մենք հեռանում ենք 2008 թվականից, այնքան կարծես թե կորցնում ենք փետրվարի 26 կրկնելու հնարավորությունները: Սակայն կա նաև մեկ այլ կարևոր խնդիր: Ակնհայտ է, որ ոչ միայն չեն նշմարվում կրկնելու շանսեր, կրկնողներ, այլ նաև չի նշմարվում քաղաքական պատրաստվածությունն այդպիսի զարգացումների:
Այսինքն` այսօր գրեթե բոլորն են խոսում համաժողովրդական մոբիլիզացիայի, կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, բոլորն են խոսում իրենց բազմամարդ կարողությունների մասին, սակայն այդ բոլոր խոսակցությունների մեջ մենք կարծեք թե չենք տեսնում ամենակարևորը՝ իսկ ի՞նչ են անելու, երբ տեղի ունենա այդ կոնսոլիդացիան, ի՞նչ են առաջարկելու, ի՞նչ են առաջարկում կոնսոլիդացվող հանրությանը, ինչի՞ համար է նրանց պետք այդ համախմբումը, որ ի՞նչ անեն: Այս հարցերի պատասխանը չկար երեկ, չկա այսօր:
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում