Ռուբեն Գևորգյան. Պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը Ազգային ժողովում.
«Այսօր բոլորիս մեջ պետք է իշխի ժողովրդով հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու գաղափարը: Ժողովրդով, քանի որ Հայաստան երկիրը մեր ազգի, ժողովրդի կնճիռն է: Բայց հակառակ դրան երկրի վարիչ մեքենան, այսօր ժողովրդի մեջ անկում է ապրեցնում հայրենիքի և պետության վսեմ գաղափարը, որն էլ հիմնական պատճառն է, որ երկրում ունենք խաթարված բարոյահոգեբանական վիճակ և կործանարար չափերի հասնող արտագաղթ:
Ցավոք, պիտի նշեմ, որ եթե պատերազմի տարիներին մեր ժողովուրդը ապրում էր հայրենասիրության իր բուռն գաղափարներով, ապա այս հարաբերական խաղաղության մեջ կամաց-կամաց ոչնչանում են:
Այսինքն, արտագաղթի ենթարկված մեր հայրենակիցների մոտ, ժամանակի ընթացքում տեղի է ունենում արյան խառնուրդ և քաղաքակրթության ոչնչացում:
Վերջապես պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ՝ հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռքբերված մեր անկախ պետականության արժեքը: Այն ժամ կունենանք ոչ միայն երկրից չարտագաղթող ժողովուրդ, այլ նաև նրանց կողմից ընդունելի և սիրված իշխանություն:
Մենք պետք է կարողանանք մարսել այն, ինչը որ ձեռք ենք բերել ազգովի, այսինքն արյամբ ձեռքբերված անկախությունը և այն պահպանելը դարձնենք մեր գերագույն նպատակը:
Այսօր ունենք կայացած բանակ: Բանակ, որի սկիզբը դրվեց կռվի դաշտերում՝ ամփոփելով իր մեջ վիշտ և հաղթանակ և որի ստեղծման որոշումների հենակ դարձան ոչ թե գրասենյակի սեղանները, այլ աճյունները մեր սուրբ տղերքի: Դա էլ եղավ պատճառը, որ ողջ հայ ժողովրդի գիտակցության մեջ հիմնովին տեղ գտավ բանակ ունենալու անհրաժեշտության գաղափարը:
Ունեցանք, որովհետև դրա ցանկությունն ու անհրաժեշտությունն ուներ ժողովուրդը:
Վերջապես պատերազմող երկիր ենք և պետք է հասկանանք, որ պատերազմները ժողովուրդների հոգեկան կարողությամբ են պայմանավորված և ինչ-ինչ կարիքներից դրդված, կառավարության կողմից ԱԺ ներկայացված որոշ նախաձեռնություններով խաթարել երկրի քաղաքական անդորրությունը և կոտրել այն ժողովրդի ոգին, որի արյամբ է ընդգծված մեր հայրենիքի սահմանը, կաներ միայն նմանատիպ կառավարությունը, որի անդամներից շատերի ընտանիքներում ժամանակին չի թևակոխել պատերազմի բոթը կամ մերձավորի վիշտը:
Վերջապես հասկանալ է պետք, որ նման կառավարության անդամներով՝ բացառությամբ ուժային կառույցների որոշ ղեկավար անդամներից, պատերազմի մեջ ներքաշված երկրում ոչնչի հասնել չենք կարող:
Ի վերջո, ժողովուրդն ավելի ուժեղ է, քան ամեն մի պարտադրված կարիք կամ թե կառավարություն ձևավորող ամեն մի չարդարացված մոդել:
Պարզապես հաղթանակած ժողովրդի մտածելակերպն ու դիրքորոշումն է այդպիսին, իրենց կյանքի ճակատագրողների նկատմամբ ունեցած հավատի»: