Հանրային խորհուրդը հարցեր է պատրաստել Տիգրան Սարգսյանի համար
Փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ: Այս մասին տեղեկացնում է Հանրային խորհուրդը: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:
Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Նշենք, որ և՛ կենսաթոշակային համակարգի, և՛ օդանավակայանի հին ուղևորային համալիրի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ՀՀ նախագահին ու վարչապետին: Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են:
Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Հանրային խորհուրդը հանդես կգա առաջարկությամբ՝ կառավարության և խորհրդի միջև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ՝ գիտության և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն առավել խորությամբ ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երևույթները, որոնք նաև հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաև կներկայացվեն առաջարկներ երևույթի տարածումը կանխելու համար: Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում և կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, և կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:
Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նաև տնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ: Մասնավորապես կբարձրացվի «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների հարցը, որոնք ըստ խորհրդի, կարող են խոչընդոտել արտասահմանյան ներդրումները: Կներկայացվի նաև ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման հարցը, քանի որ տնտեսվարողների նկատմամբ ֆինանսական միջոցների կալանքի կիրառումը հանգեցնում է դրանց սնանկացմանը:
Երևանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաև Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:
Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ և հարկվում պետության կողմից), ինչպես նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը: Կբարձրացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու հարցը, մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, ազգային անվտանգության հայեցակարգի դրույթների խախտմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: