Յանուկովիչն այլևս կարող է լինել միայն քավության նոխազ, որին կձգտեն զոհաբերել կամ զոհել առավել դիտարժան կերպով
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղեի ունեցեղ իրադարձություններին:
«Յանուկովիչն այլևս կարող է լինել միայն քավության նոխազ, որին կձգտեն զոհաբերել կամ զոհել առավել դիտարժան կերպով: Ոչ միայն նա, այլև Ուկրաինայի առավելապես ռուսաստանամետ տրամադրություններ ունեցող մարզերի ներկայիս ղեկավարությունը հիմնականում ընդունակ չէ միավորել և առաջնորդել ժողովրդին՝ նրանք ասոցացվում են Յանուկովիչի կոռումպացված իշխանության հետ ու մարդիկ դժվար թե նրանց վստահեն սեփական կյանքն ու երեխաների ապագան տնօրինելու իրավունքը:
Նոր, իրապես, վստահություն վայելող առաջնորդները միայն ի զորու կլինեն նախաձեռնել և իրականություն դարձնել Ուկրաինայի ռուս և ռուսալեզու բնակչության համախմբումն ու, հակամայդանական-«հակաֆաշիստական» կարգախոսների ներքո, հոգուտ Ռուսաստանին միանալու կամ անկախ Մալոռոսիա ստեղծելու նպատակով արդյունավետ ընդհանուր ճակատի ձևավորումը:
Ի տարբերություն Յանուկովիչի, ռուսաստանամետ տարածաշրջանների ներկայիս ղեկավարները դեռ պետք կգան՝ անհրաժեշտ կլինի ապահովել նոր՝ ժողովրդական առաջնորդների մուտքը քաղաքական ասպարեզ և սեփական իշխանական լիազորությունների աստիճանական փոխանցումն այդ մարդկանց: Դեպքերի նման զարգացման պարագայում Ռուսաստանը մի կողմից կապահովի սեփական բացառիկ քաղաքական ազդեցությունը տվյալ տարածաշրջաններում, իսկ մյուս կողմի՝ զերծ կմնա ուկրաինական ներքին հակամարտությանն անմիջականորեն ու պաշտոնապես ներգրավված լինելու տհաճ և վնասակար հեռանկարից:
Այս պահին շտապողականությունը կարող է թանկ նստել ու, թերևս, Կիևում Մայդանի հաղթանակի Ռուսաստանի համար ոչ ցանկալի հետևանքները հաղթահարելի դառնան մի կողմից հեղափոխականների ճամբարում ներքին պառակտումների, իսկ մյուս կողմից՝ ծայրագավառներում ռուսամետ ուժերի համախմբման ու ակտիվացման շնորհիվ: Մեզ համար այս ամենը կարող է հետևանքներ ունենալ այն դեպքում, եթե Ռուսաստանն իր արևմտյան գործընկերների հետ չկարողանա փոխընդունելի պայմանավորվածությունների հանգել: Այդ դեպքում Մինսկի Խմբի ձևաչափը կարող է անարդյունավետ ճանաչվել հենց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, իսկ նման շրջադարձն էապես կբարձրացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Հավանաբար շուտով հասկանալի կլինի՝ կա արդյոք գերուժերի միջև փոխպայմանավորվածություն Ուկրաինայի հարցում, քանզի եթե չկա, ապա մենք դա անմիջականորեն կզգանք սեփական մաշկի վրա»: