Աշակերտուհու մահվան փաստով դատարանը մեղավոր է ճանաչել 3 բժիշկների

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Աբովյան» բժշկական կենտրոնի երեք բժիշկներին մեղավոր է ճանաչել և նրանց նկատմամբ համաներում է կիրառել: Քրեական գործի շրջանակներում բժիշկներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձիք, իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել, ինչն անզգուշությամբ առաջացրել է հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:

Մարիամ Արշակյանի մահվան մեջ մեղադրվում էին «Աբովյանի» բժշկական կենտրոնի 30-ամյա բժիշկ-ուռոլոգը, 59-ամյա կին թերապևտը և 65-ամյա անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգը: Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իր վճռում դատավորը գրել է, որ նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է հետևյալը. 2012թ. մայիսի 18-ին Կոտայքի մարզի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի մարզադաշտում և սպորտհրապարակում անց է կացվել «Ֆիզկուլտուրա» առարկայի պետական ավարտական քննությունները, որի ժամանակ «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունն ավարտելիս, 12բ դասարանի աշակերտուհի՝ Մարիամ Արշակյանը վայր է ընկել, ստացել ձախ ազդոսկրի կոտրվածք և տեղափոխվել «Աբովյան ԲԿ»:

Մայիսի 19-ին լույս 20-ի գիշերը վիրաբուժական բաժանմունքում հերթապահել է բժիշկ-ուռոլոգը, ով հերթապահության շրջանակներում ստանձնել է Մարիամ Արշակյանի առողջական վիճակի դինամիկ հսկողության պարտականությունը: Ժամը 05:00-ի սահմաններում, Մարիամ Արշակյանի առողջական վիճակը վատացել է, ի հայտ են եկել ճարպային էմբոլիայի զարգացման նախանշաններ:

Հերթապահ բժիշկը հրավիրել է բժիշկ-թերապևտին և ռեանիմոտոլոգին: Ըստ նախաքննությամբ հիմնավորված տվյալների՝ հերթապահ բժիշկները կարող էին հասկանալ Մարիամ Արշակյանի մոտ ենթասուր ձևով հնարավոր զարգացող ճարպային էմբոլիայի մասին, որից հետո շտապ կազմակերպել հետազոտություն և աղջկան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, անհապաղ սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումներ:

Ըստ նախաքննության տվյալների՝ ոչ հիմնավոր ախտորոշում է արվել Մարիամ Արշակյանը մինչև վիճակի ծայրահեղ դառնալը, մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք և նպատակաուղղված բուժօգնության:

Նախաքննությամբ հիմնավորված է համարվել նաև, որ մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանվել դինամիկ պատշաճ հսկողություն, նրա վիճակի ծանրությունը համարժեք չի գնահատվել, և հիվանդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և մահացել:

Ըստ վճռի՝ բժիշկ-ուռոլոգը հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր կողմից կատարվել է այն ամենը, ինչն, ըստ իր մասնագիտության՝ իր ուժերի սահմաններում է:

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն էլ հայտնել է, որ իր կողմից կատարվել է համապատասխան օգնություն, հիվանդի նկատմամբ դրսևորվել է առանձնահատուկ վերաբերմունք, սակայն հնարավոր չի եղել այդ հիվանդության դեմ որևէ բուժում ցուցաբերել, ուստի իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը կատարել է այն, ինչ պահանջվում է իր մասնագիտությամբ, ինքը տվյալ հիվանդի, ինչպես նաև բոլոր հիվանդների նկատմամբ ցուցաբերել է խիստ ուշադրություն և տվյալ հիվանդի նկատմամբ կատարել է ամեն ինչ՝ երեխայի կյանքը փրկելու համար, սակայն այն չի հաջողվել, քանի որ նրա մոտ ակնթարթային առաջացել է ճարպային էմբոլիան, ինչի դեմ հնարավոր չի եղել որևէ բան անել:

Թերապևտը ևս իրեն մեղավոր չի ճանաչել. նա հայտնել է, որ ինքը կատարել է այն բոլոր գործողությունները նրան օգնելու համար, չնայած այն հանգամանքին, որ ճարպային էմբոլիա հիվանդությունը չունի սպեցիֆիկ բուժում, այն տևում է մի քանի վայրկյան և նրա դեմ որևէ բուժում հնարավոր չէ:

Դատարանն ապացուցված է համարել, որ բժիշկ-ուռոլոգը, թերապևտն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, տվյալ բաժանմունքում ձախ ազդրոսկրի կոտրվածք ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդ Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանել պատշաճ դինամիկ հսկողություն, որի պայմաններում ժամանակին չի ախտորոշվել ճարպային էմբոլիայի զարգացումը:

Ըստ դատարանի՝ թերապևտի և ռեանիմատոլոգի հիվանդ Մարիամ Արշակյանին համատեղ զննման արդյունքում կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում. մինչև վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, հիվանդ Մարիամ Արշակյանը առանց լիարժեք և նպատակաուղղված բուժօգնության մնացել է վիրաբուժական բաժանմունքում և ժամանակին չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումները:

Դատարանը գտել է, որ այդ պայմաններում շարունակվել է ճարպային էմբոլիայի զարգացումը, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:

Դատարանը երեք բժիշկներին էլ մեղավոր է ճանաչել, նրանց դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներում կիրառելով նրանց ազատել պատժի կրումից:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց, այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս