Սահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը. «Փաստինֆո»
«Եթե սահմանադրական դատարանն ինքն իր որոշումը չի կատարում, ապա ոչ մի զարմանալի բան չկա, երբ այն չեն կատարում մյուս պետական մարմինները»,- ՀՀ-ում սահմանադրական «արդարադատության» կայացվածության մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման օրինակ է բերել Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:
«Վերջին չորս տարվա ընթացքում ես ինտենսիվ գիտական հետազոտություններ եմ կատարում Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում, սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության ոլորտում և ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական իրավունքը շատ է հետ մնում գիտության զարգացման այսօրվա մակարդակից: Այն դեռևս չի ձերբազատվել խորհրդային արատավոր իրավաընկալման ազդեցությունից: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական արդարադատությանը»,- ասել է Գոռ Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, նա համաձայնել է՝ ասելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուրջ խնդիր է դարձել մեր երկրում:
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած որոշումներին, սահմանադրական դատարանը դրանցով ստուգել է վճռաբեկ դատարանի կողմից սովորական օրենքների ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը, ինչի իրավասություն նա չունի: Սովորական օրենքների մեկնաբանումն ու կիրառումը սովորական դատարանների խնդրին է և սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է: Բացի այդ, սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել վիճարկվող դրույթներն այն առումով, որ դրանք պատճառաբանման պարտադիր պայման չեն նախատեսում:
Փաստորեն, Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը»,- նշել է նա՝ միաժամանակ նաև հիշեցնելով, որ նման որոշումները բազմաթիվ են Սահմանադրական դատարանի պրակտիկայում:
Ինչ վերաբերում է օրենքի բացն անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես ասել է Գոռ Հովհաննիսյանը, «օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել»՝ միաժամանակ նաև պարզաբանելով, թե «օրենքի բացն անվավեր ճանաչվել չի կարող նորմի բացակայության պատճառով»:
«Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող»,- ասել է նա:
Գոռ Հովհաննիսյանը նաև հիշատակել է, որ սահմանադրական դատարանի նման որոշման եզրափակիչ մասը կազմված է «այնքանով, որքանով չ…» բանաձևից՝ գումարած պակասող մասի նկարագրությունը: Ընդ որում, նման ձևակերպումը, ըստ նրա, սխալ է նույնիսկ լեզվական առումով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: