ՄՄ-ին միանալու հարցում իշխանությունն ու ընդդիմությունը համակարծիք են

Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամները փետրվարի 18-ին խորհրդարանում հանդիպել էին ԱԺ-ում գործող Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Այնուհետև բրիտանացի խորհրդարանականների հետ հանդիպել են  նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մեզ հայտնի դարձան մի քանի ուշագրավ դետալներ այդ հանդիպումներից:

Բրիտանացի  խորհրդարանականներին` միջխորհրդարանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին և Մայք Գեյփսին հետաքրքրել է միայն մեկ հարց. Ինչպե՞ս են Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերաբերվում իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը:

Հանրապետական պատգամավորների մեկնաբանություններն առավել քան կանխատեսելի են եղել: Լևոն Մարտիրոսյանը ներկայացնելով իր՝ Եվրոպայում ուսում ստացած լինելու հանգամանքը, այն, որ ինքը կիսում է եվրոպական ժողովրդավարության և ազատականության արժեքները, միաժամանակ ավելացրել է, որ համամիտ է նախագահ Սերժ Սարգսյանի որոշման հետ: Նույնը կրկնել է նաև Կարեն Ճշմարիտյանը: Նա, ինչպես բոլոր ՀՀԿ-ականները նման դեպքերում, հույս է հայտնել, որ չնայած ՄՄ-ին միանալուն՝ Հայաստանը կշարունակի ակտիվ շփումները և համագործակցությունը ԵՄ-ի հետ:  ՀՀԿ-ական պատգամավորների հիմնական բացատրությունը եղել է այն, որ Հայաստանը Մաքսային Միությանն է միացել՝ անվտանգության երաշխիքներից ելնելով: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը նույնիսկ այսպիսի արտահայտություն է արել. «Հայաստանը պետք է ընտրություն կատարեր կայունության և զարգացման միջև, և Հայաստանն ընտրել է կայունությունը»:

ՀՀԿ-ական պատգամավորների հետ համամիտ է եղել ՀԱԿ խմբակցության անդամ, Վերակազմյալ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա հայտարարել է, որ ընդդիմությունը մշտապես քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությունը, սակայն Մաքսային Միությանն անդամակցությունը համարում է միակ ճիշտ որոշումը:

Սարգսյանը բրիտանացի խորհրդարանականներին մեղադրել է այն բանում, որ Հայաստանին առաջարկելով կտրվել Ռուսաստանից և ասոցիացվել Եվրոպայի հետ, ԵՄ-ն այդպես էլ չի առաջարկել անվտանգության համարժեք երաշխիքներ, որոնք հայ հասարակությունը կընկալեր՝ որպես հուսալի: Ներկայացնելով, որ ՍԴՀԿ-ն 19-րդ դարում ստեղծված կուսակցություն է, Սարգսյանն ասել է, որ իրենց մոտեցումը հիմնված է նաև հայ ժողովրդի պատմական փորձի վրա:

Իշխանությունների քննադատությամբ է հանդես եկել նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարել է, որ իշխանությունները հաշվի չեն նստում հասարակական կարծիքի հետ, երկրում հաստատվել են բռնապետական կարգեր: Սակայն Զոհրաբյանն այդպես էլ չի հստակեցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հարցում:

Բրիտանացի պատգամավորների մոտ այդ հանդիպումների արդյունքում մեծ հավանականությամբ տպավորություն է ստեղծվել, որ առնվազն Մաքսային Միությանը միանալու հարցում Հայաստանի իշխանությունների և խորհրդարանում ներկայացված հիմնական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի միջև համերաշխություն է տիրում:

Տեսանյութեր

Լրահոս