Երևանի Հր. Քոչարի փողոցում տաքսու վարորդը ծեծել է մեկ այլ վարորդի՝ կայանման տեղի համար
Փետրվարի 19-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հր. Քոչարի փողոցի մոտ տաքսի ավտոմեքենայի վարորդը ձողով հարվածել է 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ի գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.40-ին, Ռիգայի և Արաբկիրի 19-րդ փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենաների կայանման տեղի պատճառով «ՎԱԶ-2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ձեռքով, ոտքով, ապա նաև մետաղյա ձողով հարվածներ է հասցրել Տիգրան Հ.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Հ.-ին ծեծի է ենթարկել 1958 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն