Բուժաշխատողները կազատվե՞ն աշխատանքից
«168 Ժամը» մի խումբ բուժաշխատողներից նամակ է ստացել, որտեղ վերջիններս իրենց դժգոհությունն են արտահայտել Առողջապահական պետական տեսչության ստեղծման գործընթացում բուժաշխատողներին աշխատանքից ազատելու դեպքերի հետ կապված: «Կարծես թե գլխիվայր շուռ եկած մեր հանրապետությունում տեղի ունեցող ոչ մի իրադարձության վրա Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն զարմանում։
Սակայն վերջին ամիսներին (2013թ. նոյեմբերի 14-ից) տեղի ունեցող` կառավարության կողմից հաստատված տարօրինակ «բարեփոխումները» փակուղի են տարել մի շարք բուժաշխատողների։ Գուցե դո՞ւք կարողանաք պարզաբանում մտցնել այն հարցի շուրջ, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, իրեն վայել անառողջ հանգստությամբ և անտարբերությամբ, թույլ է տալիս, որ ԱՆ պետական հակահամաճարակային տեսչության (նախկին սանէպիդկայան) համակարգը վերամիավորեն և աշխատանքից ազատեն (հանրապետության մասշտաբով) միջին և բարձրագույն կրթությամբ շուրջ 700 աշխատակիցների։
Առանց հանրությանը տեղյակ պահելու, մի շարք օրենքներ խախտելով, ինչ-որ անհասկանալի փաստաթղթերի տակ ստորագրելով` ստիպում են, որ մարդիկ` առանց իրավունքի ձայն բարձրացնելու, համաձայնվեն իրենց ստեղծած իրավիճակի հետ։
ԱՆ աշխատակազմի ղեկավար`Սուրեն Քրմոյանի և տեսչության պետ Արտյոմ Վանյանի (ովքեր, ի դեպ, քավոր-սանիկ են) թեթև ձեռքով գրված և խորամանկ ձևով համապատասխան «ատյաններով» անցկացրած սցենարով, Պետական լաբորատոր ցանցերը վերամիավորման անվան տակ դարձնում են մեկ հիմնարկություն` մոտ ապագայում սեփականացնելու և անձնական գրպանի համար աշխատեցնելու նպատակով։
Այդ ամենն իրականացվում է մի քանի տնօրենների, փոխտնօրենների, բաժնի վարիչների պաշտոնանկման և հարյուրավոր քաղաքացիների գործազուրկ դառնալու շնորհիվ։
Հակառակի պես, գործից ազատվողները կանայք են, և կաֆել-մետլախի գործում չկան, թե չէ մեր ղեկավարները նրանց էլ խոպան կուղարկեին` հարբեցող ռուս ազգին ծառայելու համար։
Հարգելի «168 Ժամի» խմբագրություն, վերջին տողերը սրտի մեծ ցավով եմ գրում, սակայն դատելով վերը նշված սրիկայություններից, մնում է մտածել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված որոշումների նախագծերը գրվում են Ստամբուլում։ Հայցում ենք ձեր արձագանքը»,- թերթին ուղղված նամակում գրել են բուժաշխատողները։
«168 Ժամը» նամակում հնչեցված հայտարարությունների կապակցությամբ զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ: Վերջինս նշեց, որ բարեփոխումները սկսվել են ամիսներ առաջ՝ դեռ հոկտեմբերի ամսին, և որևէ արձագանք չի եղել: Ս. Քրմոյանի խոսքով՝ բարեփոխումներ իրականացնելիս ուսումնասիրել են միջազգային փորձը. նմանատիպ կենտրոնները շատ երկրներում միավորված են գործում, այդ թվում՝ Ամերիկայում, հարևան Վրաստանում: «Միջազգային լուրջ էքսպերտների գրած և լուրջ հետազոտված մոդել է կիրառվում, որը մենք չենք կիրառում առաջինը. առաջինը հենց մեր տարածաշրջանում տարիներ առաջ մեր հարևան Վրաստանն է կիրառել և ստեղծել է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն` իր մասնաճյուղերով»,- ասաց Ս. Քրմոյանը:
Անդրադառնալով նամակում տեղ գտած այն հայտարարությանը, որ միջին և բարձրագույն կրթությամբ շուրջ 700 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, նախարարության աշխատակազմի ղեկավարն ասաց, որ չգիտի՝ այդ թիվը որտեղի՞ց են վերցրել. «Նախ` մենք չենք պատրաստվում 700 աշխատակցի աշխատանքից ազատել, և մենք բազմիցս հայտարարել ենք առողջապահության նախարարի քաղաքականությունը, և այս համապատասխան բարեփոխումն էլ առողջապահության նախարարի բարեփոխումն է, որի իմաստը կայանում է նրանում, որ մենք պարզապես այդ կառույցներն ավելի օպտիմալ ենք դարձնում միջազգային մոդելի հիման վրա: 700 աշխատակից աշխատանքից չի ազատվելու:
Մենք դա պաշտոնապես հայտարարում ենք՝ նմանատիպ որևէ թվի մասին խոսք չկա: Մենք հայտարարել ենք, որ, եթե նույնիսկ աշխատանքից ազատումներ լինեն, դրանք լինելու են տեխնիկական անձնակազմից, որևէ բժիշկ չի ազատվելու, կրճատվելու են նաև առկա թափուր հաստիքները, եթե լինեն կենսաթոշակային տարիքի մարդիկ, բայց այս ահռելի քանակը, որ ներկայացված է, նման բան լինել չի կարող: Ավելին ասեմ՝ տարածաշրջաններ կան, որ մենք բաշխում ենք համապատասխան առկա կադրերը մեր գործող կառույցի՝ Առողջապահական պետական տեսչության և ՊՈԱԿ-ի միջև: Մենք խնդիր ունենք նաև տեսչության լրացուցիչ աշխատակիցներ տեղավորել այստեղ, և հակառակը՝ տեխնիկական անձնակազմն՝ այնտեղ: Այսինքն՝ այդ բաշխումը լուծելու է: Այս թիվը, որ գրված է, որևէ կապ չունի իրականության հետ»:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ վերամիավորման մասին կառավարության որոշումից հետո, օրենքին համապատասխան՝ ծանուցումներ են ուղարկվել աշխատակիցներին՝ հնարավոր ազատման և տեղափոխման մասին.
«Եթե այդ մարդը նույնիսկ մնալու է իր նույն տեղում, ինքը պետք է վերանշանակվի, որովհետև այն կառույցը, որտեղ ինքն աշխատել է, և նոր կառույցը տարբեր անվանումներ են ունենալու: Օրինակ՝ Մեծամորի փորձագիտական կենտրոնի բժիշկը պետք է տեղափոխման կարգով նշանակվի Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Մեծամորի մասնաճյուղում` որպես բժիշկ: Այսինքն՝ այդ բոլոր ծանուցումները տրված են օրենքի հիման վրա, համենայն դեպս, մենք այդ ծանուցումները տվել ենք 3 ամսից ավելի ժամանակով: Որևէ խնդիր, որևէ արձագանք, որևէ բողոք` ոչ գրավոր, ոչ բանավոր, չի եղել»: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց նաև, որ տնօրենների 98-99 տոկոսը շարունակելու է պաշտոնավարել տվյալ կառույցում. «Բոլոր տարածքային կենտրոնների պետերը, դրանց գերակշիռ մասը շարունակելու է աշխատել համապատասխան մասնաճյուղերի տնօրեններ»:
Նախարարության աշխատակազմի ղեկավարն ասաց նաև, որ որևէ զարտուղի ճանապարհ չկա, եղել է պարզ սցենար, կառավարությունը որոշել է վերակազմակերպել, այդ ծրագրերը մշակված են դեռ 1.5-2 տարի առաջ:
Ս. Քրմոյանն, անդրադառնալով այն պնդմանը, որ պետական լաբորատոր ցանցերը վերամիավորման անվան տակ դարձնում են մեկ հիմնարկություն՝ ապագայում սեփականացնելու և անձնական գրպանի համար աշխատեցնելու նպատակով, հայտարարեց, որ կառույցը մշտապես լինելու է պետական, այն չի մասնավորեցվելու. «Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս կառույցը բացառապես և մշտապես լինելու է պետական, չի կարող մասնավորեցվել, որովհետև բոլոր երկրներում սա պետական գործառույթի մի մաս է, որը հանձնվել է համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության:
Առողջապահության նախարարության սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ նշված կառույցն աջակցում է պետական գործառույթների իրականացմանը, և որևէ պարագայում հիմա, 6 ամիս հետո, 5 տարի հետո մասնավորեցման մասին խոսք լինել չի կարող: Ավելին ասեմ, դեռևս 2000թ. գործող մասնավորեցման հայեցակարգերում հստակ սահմանված է, որ Պետական հիգիենիկ հակահամաճարակային ծառայության մարմինները որևէ ձևով չեն կարող սեփականաշնորհվել: Ավելին ասեմ՝ արդեն հաստատվել է այդ նոր կառույցի՝ կառավարության հետ համաձայնեցված զարգացման ծրագիր, որի մեջ հատուկ նշված է 5 տարվա կտրվածքով բոլոր գործողությունները, որևէ մասնավորեցման մասին խոսք չկա»,- ասաց Ս. Քրմոյանը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ մասնագիտական հմտություններին տիրապետող անձինք շարունակելու են աշխատել: