Բաժիններ՝

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ. Սևանի մակարդակի իջեցում չի լինելու

«Սևանի մակարդակի իջեցում չի լինելու: Բացառում եմ ավել ջուր վերցնելու մասին ասեկոսեն, այս տարիներին Սևանից անօրինական բացթողում չի եղել»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպցած՝ «Սևանա լճից առավել ջրբացթողում. անհրաժեշտություն և հետևանքներ» թեմայով բանավեճի ժամանակ ասել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը:

«Մենք հաշվի ենք առել բոլոր գործոնները, և միայն այնտեղ, որտեղ հնարավոր չէր այլ միջոցառումներ իրականացնել, դիմել ենք Սևանա լճի ջրի օգնությանը: Մենք պետք է բարձրացնենք մաքուր Սևանի հարցը, և մենք ունենալու ենք բարձրացող և մաքուր Սևան»,- բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը՝ ավելացնելով, որ Սևանա լճի ջուրը վերցվել է բացառապես ոռոգման նպատակով:

«Ինձ զարմացնում է այն փաստը, թե ինչու այս խնդիրը նախագահին առընթեր հանձնաժողովում չի քննարկվել,- ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ավելացնելով,- Սևանն առողջացման ճանապարհին է, հիմա դա վտանգել չի կարելի: Բոլոր ջրային ռեսուրսներն իրար հետ կապված են: Եթե մենք չշարունակենք բարձրացնել Սևանի մակարդակը, կունենանք կորուստներ և´ գետերում, և´ ստորգետնյա ջրավազանում: Կլիմայի նման փոփոխության պայմաններում հույս ունենալ, որ դրական բալանս կունենանք, խիստ օպտիմիստական է»:

Բանավեճի մեկ այլ բանախոս, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենց կենտրոնը երկար տարիներ պայքարել է Սևանա լճի մակարդակի բարձրացման համար, ինչը շատ կարևոր է նաև ջրի որակի բարձրացման համար: Վերջինիս խոսքով՝ ջրի մակարդակի արագ բարձրացումը և կտրուկ իջեցումը ցանկալի չեն:

«Կարևոր է, որ չունենանք բացասական հաշվեկշիռ, այսինքն, միշտ ունենանք այն, ինչ օրենքով նախատեսված է՝ 20սմ-ի աճը»,- նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը՝ շեշտելով, որ Բնապահպանության նախարարությունն առաջին հերթին դնում է պահպանության, ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման հարց:

«Երբ մենք գնում ենք գյուղեր, խոսում ենք գյուղացիների հետ, հասկանում ենք, որ գյուղացիներին ջուր չի հասնում: Նրանք չեն կարողանում իրենց դաշտերը ոռոգման ջրով ապահովել»,- ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ Սևանից հավելյալ ջրառի փոխարեն պետք էր փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծել, քանի որ այդ ՀԷԿ-երը ջրազրկում են հարևան համայնքները. «Փոքր ՀԷԿ-երի համակարգն ուղղակի դժբախտություն է»,- ավելացրեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ համակարգն իր հետքն է թողնում իրագործվող բոլոր ծրագրերի վրա:

«Այս պահին միակ լուծումը Սևանա լճից ջրբացթողումն էր: Եթե անգամ աղետ լինի, մենք թույլ չենք տա Սևանի մակարդակի իջեցում»,- բանավեճը եզրափակել է Յուրի Ջավադյանը:

Մեդիա կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս