Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում 2013 թվականին իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ  Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին իրականացված  ծրագրերը:

Ընդգծելով, որ սոցիալապես անապահով խավի խնդիրներն ու այս ուղղությամբ իրականցվող  սոցիալական աջակցության ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ծրագրերի կարևոր մասն են և գտնվում են Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում՝ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականին ավելացել են այս ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալները: Նախորդ տարվա ընթացքում Երևան քաղաքի բյուջեով համապատասխան գումար է նախատեսվել և սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություներ են ցուցաբերվել տոնական և հիշատակի օրերին:

«Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը, սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը և դրանց նվազեցմանը, ինչպես նաև Երևան քաղաքում կայուն սոցիալական միջավայրի ձևավորմանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտական ուշադրության կենտրոնում են կարիքավոր, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձիք և ընտանիքները, նաև տարեցները, բազմազավակ ընտանիքները, Արցախյան, հայրենական, աֆղանական պատերազմների վետերանները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցողների ու  ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև անօթևան ընտանիքների և անձանց, քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց սոցիալական կանխանգելման,  սոցիալական պաշտպանության խնդիրների կարգավորմանը»,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ ամեն տարի դրամական աջակցություն է տրամադրվում ցեղասպանությունը վերապրած քաղաքացիներին: Ի դեպ, ներկայում Երևանում բնակավում է 15 վերապրած:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից իրականացված առավել ընդգրկուն ծրագրերը՝ սոցիալական ապահովության վարչության պետն առանձնացրել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ՝ 2013թ. հունվարի 28-ին, ինչպես նաև օգոստոսի 9-10-ը երևանաբնակ ավելի քան 1000 ծնողների համար կազմակերպված տեսակցության ակցիան սահմանամերձ գոտիներում ծառայող իրենց զավակների հետ: Ծրագրի շրջանակում զորամասերին նաև անհրաժշտ տեխնիկա և  այլ պարագաներ են նվիրաբերվել:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կատարվել Հայաստանի կույրերի և խուլերի միավորումներ, լսողության խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրացիոն կենտրոն։ Ծրագրի շրջանակում տրամադրվել են համակարգիչներ և դրամական աջակցություններ՝ խուլերի և կույրերի միավորումների անդամներին. «Երևանում հաշվառված են շուրջ 53000 սահմանափակ կարողություններով անձիք, որոնցից շուրջ 3000 երեխաներ են: Նրանց հիմնախնդիրների լուծման նպատակով քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երևանի քաղաքային հանձնաժողով», որն իր գործունեությամբ զգալիորեն նպաստում է մայրաքաղաքում նրանց խնդիրների լուծմանը, Երևան քաղաքն առավել մատչելի և  հարմարավետ դարձնելուն, ինչպես նաև տարաբնույթ սոցիալական աջակցությունների և ծառայությունների մատուցմանը»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետը:

Անդրադառանալով 2013 թվականին սիրիահայ ընտանիքների համար իրականացված աջակցության ծրագրերին նշվել է, որ հարյուրավոր ընտանիքների տրամադրվել է ինչպես ֆինանսական, այնպես էլ կենցաղային իրերի, հագուստեղենի  և պարենային աջակցություններ: Բացի այդ՝ շատերը  ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում, տեղավորվել են աշխատանքի, ստանում են նպաստ կամ կենսաթոշակ։

Ռուզաննա Զաքարյանը կարևոր ձեռքբերում է համարել անօթևանների հավաքագրման և ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագրի իրականացումը, որը քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է 2011թ. դեկտեմբերի 20-ից։ Մինչև 2013թ. ավարտը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի հետ հավաքագրվել և կացարան են տեղափոխվել  225 անօթևան, որոնցից 85-ը միայն 2013թ. Ընթացքում: Իրականացված աշխատանքների շնորհիվ նրանց մեծ մասը ապահովել է աշխատանքով կամ վերադարձվել է ընտանիք: 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ::

Նշվել է, որ ներկայում Երևանում գործող բարեգործական 16 ճաշարանից օգտվում է շուրջ 2400 շահառու։

Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումների համաձայն՝ գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել Արցախյան պատերազմի 1-ին և 2-րդ խմբի, Հայրենական պատերազմի վետերաններին, Աֆղանական պատերազմի 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում այն բնակելի նշանակության շինություններ մասով:

Սոցիալական ապահովության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ  2014 թվականի հունվարի 1-ից հետո ծնվող երեխաների համար միանվագ նպաստները այսուհետ վճարվում են սոցիլական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների կողմից:

Տեղեկատվական մատչելիությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով 2013թ դեկտեմբերից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Սոցիալական ապահովություն բաժնում» տեղադրված է ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները: Նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր ամիս թարմացվում է։

«Ներկայում Երևան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 5 վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Ավանում, Նորք-Մարաշում, Նուբարաշենում, Դավթաշենում, իսկ Էրեբունիում  գործում է միասնական ընդունարան։ Առաջիկա տարիներին մյուս վարչական շրջաններում ևս կձևավորվեն նմանատիպ կենտրոններ, որտեղ ևս կապահովվեն հաշմանդամների համար հատուկ նշանակության պայմանների, սարքերի և սարքավորումների ներդրումը,  մատչելիության ապահովումը»,-նշել է Ռուզաննա Զաքարյանն ու հավելել, որ 2013-ին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված բոլոր ծրագրերը շարունակական են և իրականացվելու են նաև ընթացիկ տարում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս