Ոստիկանական մենաշնորհ՝ պահպանության ոլորտում
Այսօր ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանական պահպանության մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագիծը կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ, և, ըստ ամենայնի, կքննարկվի ու կընդունվի առաջիկա քառօրյայի ժամանակ:
Ինչի՞ մասին է օրենքի այս նախագիծը: Ըստ հեղինակների՝ օրենքի նպատակը ոստիկանական պահպանությունը, որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, սահմանելն է: Իրականում այս օրենքի նպատակը ոստիկանության պահպանության ստորաբաժանումների համար գործունեության նոր ոլորտներ ստեղծելն է, ավելի պարզ ասած՝ գումար աշխատելու հնարավորությունների մեծացումը: Իսկ ինչպե՞ս է դա արվում:
Ըստ օրենքի նախագծի՝ ոստիկանության պահպանությանը ենթակա են հույժ կարևորություն ունեցող օբյեկտները: Դրանք այն օբյեկտներն են, որոնց բնականոն գործունեության ընթացքի խախտումները կարող են բնակչության կյանքի կամ առողջության համար անմիջական՝ ռադիացիոն, հիդրոդինամիկ, քիմիական, հրդեհապայթյունավտանգ և այլ սպառնալիք հանդիսանալ: Օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը որպես այդպիսի օբյեկտ է նշում Հայաստանի ատոմակայանը, ջրամբարները: Այս օբյեկտների պահպանությունը իրականացվելու է պետբյուջեի միջոցների հաշվին:
Ոստիկանության պարտադիր պահպանության են ենթակա նաև կարևորագույն նշանակության օբյեկտները: Սրանք այն օբյեկտներն են, որոնց պահպանումը երաշխավորում է բնակչության նորմալ կեսագործունեությունը կամ հասարակական և պետական անվտանգությունը: Ինչպես հույժ կարևորություն ունեցող, այնպես էլ կարևորագույն օբյեկտների ցանկը սահմանում է կառավարությունը: Արթուր Օսիկյանն ասում է, որ ժամանակի ընթացքում այդ ցանկը կարող է մեծացվել:
Իսկ ինչո՞ւմ է կայանում այս օրենքի վտանգավորությունը: Հայաստանում գործում են բազմաթիվ մասնավոր պահնորդական կազմակերպություններ, որոնք պայմանագրային հարաբերությունների մեջ են տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ և այդ պայմանագրերի հիման վրա իրականացնում են իրենց գործունեությունը: Հիմա կառավարությունն իր որոշմամբ այդ իրավաբանական անձանց մի մասին կարող է մտցնել կարևորագույն օբյեկտների ցանկի մեջ և մասնավոր ընկերությունը կզրկվի գումար աշխատելու հնարավորությունից: Օրինակ, կապի ծառայություններ իրականացնող ընկերություններում այսօր պահպանությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Բայց եթե կառավարությունը դրանք մտցնի կարևորագույն օբյեկտների ցանկի մեջ, ինչը միանգամայն իրական է, ապա այդ ընկերությունները այս օրենքով պարտավորված են լինելու խզել իրենց պայմանագրերը մասնավոր ընկերությունների հետ և պայմանագիր են կնքելու ոստիկանության ստորաբաժանման հետ:
Ըստ օրենքի նախագծի՝ ոստիկանության պահպանության են ենթակա նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hամաձայն՝ զենքի արտադրությունը, զենքի առևտուրը, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրությունը, դրանց արտահանումը կամ մեծածախ առևտուրը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը և արտահանումն իրականացնելու համար լիցենզիա ստացած առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ լիցենզավորված կազմակերպություններ) գույքը (շենք, շինություն, պահեստ, փոխադրամիջոց կամ այլ հնարավոր տարածք, որտեղ առկա կլինի լիցենզավորված գործունեության իրականացման հետ կապված թմրամիջոց, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ, զենք կամ ռազմական նշանակության արտադրանք): Սա նշանակում է, որ, օրինակ, զենքի առևտրով զբաղվող խանութները ևս պարտավոր են պայմանագիր կնքել միայն ոստիկանության պահպանության ստորաբաժանման հետ: Նույնը նաև այն ընկերությունները, որնք զբաղվում են հոգեմետ դեղերի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով:
Այս օրենքը սահմանում է նաև, որ ոստիկանական պահպանություն կարող է իրականացվել քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Օրինակ՝ դատավորը կարող է որոշում կայացնել, որ դատավարությանը մասնակցող վկայի կամ մի քանի վկաների նկատմամբ պետք է իրականացվի պահպանություն, քանի որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Նման դեպքերում ևս պահպանությունը պետք է իրականացնի ոստիկանության պահպանության ծառայությունը: Պարզ է, չէ՞, որ սա ևս տարեկան լրացուցիչ միլիոնավոր ու գուցե միլիարդավոր դրամներ աշխատելու հնարավորություն է: Միևնույն ժամանակ, շատ դժվար է լինելու վերահսկել դատավորների որոշումները` որքանո՞վ են դրանք հիմնավորված. արդյոք վկան ունի՞ պաշտպանության կարիք, թե՞ դա արվում է ոստիկանության հիշյալ ծառայությանը գումար աշխատելու հնարավորություն տալու համար:
Ոստիկանության պահպանության ստորաբաժանումներին օրենքով հնարավորություն է տրվում ունենալ արտաբյուջետային հաշիվներ: Արտաբյուջետային հաշիվների գոյացման և տնօրինման նախահաշիվը հաստատում է կառավարությունը: Հայաստանում պետական կառույցների արտաբյուջետային հաշիվներ ունենալու պրակտիկան անընդհատ քննադատության է ենթարկվում, սակայն այդպիսի հաշիվներ ունեցող կազմակերպությունների թիվը պակասելու փոխարեն ավելանում է:
Եթե ամենուր կա մենաշնորհ, ինչո՞ւ ուրեմն պահպանության ոլորտում ևս այն չլինի: Այնպես որ, նման օրենքի ընդունումը խիստ պահանջված է և օրինաչափ: