«Բալի՛կ ջան, հավատա՛, ժողովուրդն արդեն խանգարվում ա»

Ասում է թոշակառու տիկին Սոնյան

Սամվել Անդրեասյանն առավոտից մինչև անկողին մտնելը գազի սարքի մոտ կանգնած «տաքանում» է: Իրեն թվում է, թե տաքանում է, որովհետև տևական ժամանակ գազը չի միացվում: Բայց 30-ամյա 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդն անկողնուց վեր կենալուց հետո հայտնվում է գազի սարքի մոտ, մինչ քնելը: Սամվելը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, բայց չնայած դրան՝ տան սաստիկ ցուրտը նրան բնազդաբար ստիպում է գամվել գազի սարքին: Մեկ էլ՝ բնազդաբար անընդհատ ծխել է ուզում, բայց 19.000 դրամ հաշմանդամության թոշակ ստացող երիտասարդին տարեց ծնողներն արդեն ժամով են ծխախոտ տալիս, որովհետև գազի թանկացումից հետո արդեն իրենք էլ են «խանգարվում»: Մայրը՝ Սոնյան, վստահեցնում է, որ ամբողջ ընտանիքը թոշակով ապրող է: «Բալի՛կ ջան, հավատա՛, արդեն խանգարվում ենք: Ժողովուրդն ա խանգարվում, էսքան անելանելի կյանք չի կարող լինել: Մենք ապրում ենք իմ, ամուսնուս ու տղայիս թոշակով: Էս թանկացումները լրիվ սպանեցին մեզ: Պատկերացրու` ձմռանն օրական մի քանի ժամ գազ ենք վառել, նորմալ չենք էլ տաքացել, բայց նենց գումար ա եկելգ համ գազը, համ հոսանքը, երկու ամիս ա` չենք կարում վարձերը տանք:

Օրական գալիս ասում են՝ անջատելու ենք: Ամսի 20-ին հոսանքը կանջատեն, ու դու չես պատկերացնում` մեր տանն ինչ ա տիրելու: Հոգեկան հիվանդ տղաս մթի մեջ վատանում, ձենը գցում ա գլուխը, անկառավարելի ա դառնում: Վայ մեզ, վաայ մեզ, որ մթի մեջ մնացինք»,- տագնապած ասում է տիկին Սոնյան՝ հավաստիացնելով, որ այդ իրավիճակում որդուն զսպելն անհնար է, ավելին՝ նա շրջապատի համար վտանգավոր է: Տիկին Սոնյան գիտակցում է, որ քաղում է ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ իր ցանածը, բայց խնդրում է, որ իրեն հասկանամ: Ասում է՝ ընտրություններին ընդառաջ օրական գալիս, դուռը թակում ու խոստումներ էին շռայլում: Աղջիկը բուժօգնության կարիք ունի, բայց արդեն քանի տարի է, ինչ բուժհաստատություն չի դիմել:

«Աղջիկս միջնապատի ծռվածության պատճառով արդեն գլխի սոսկալի ցավեր ունի: Գլխի մեջ թարախ ա հավաքվում, պիտի վիրահատություն, երկարատև բուժում կատարվի: Ընտրությունների ժամանակ առավոտից իրիկուն լցվում են տանդ մեջ, քեզ խեղդում են, եկան, ասացին, որ անվճար կվիրահատեն, ամեն ինչ կանեն, եթե Սերժի օգտին քվեարկենք: Մենք էլ քվեարկեցինք: Մի՛ մեղադրի մեզ, բալի՛կ ջան, սաղ տնով հիվանդ ենք ու վախենում ենք հիվանդանոց մտնենք: Մինչև մեր վիճակում չլինես` չես հասկանա մեզ»,- ասում է տիկին Սոնյան՝ վստահեցնելով, որ իրենց հետ ապրող աղջիկը, երեխայի վատառողջ լինելու պատճառով, ուշացումով գնացել է հիվանդանոց, բայց ասել են՝ «բարեգործության ժամկետը լրացել ա, էլ չենք կարող անվճար անել»:

Ու մինչև հիմա վիրահատության դիմաց տված քվեների դառնությունն ընտանիքը «վայելում» է` է՛լ ավելի դառնալով վատառողջ ու է՛լ ավելի անելանելի կյանքն ավելի անելանելի դառնալու իրականությունը սուսուփուս հանդուրժելով: Ընտրությունները հաղթահարվեցին, ու վիրահատության արժեքը կրկին 200.000 դրամ է, իսկ Սոնյայի հիվանդ ընտանիքը «խանգարվում» է: Սոնյայի ընտանիքը միակը չէ, որ բուժօգնության դիմաց քվե տալու գործարք է կնքել, որովհետև հարևանուհին էլ նույն կերպ ձայնը «փոխանակել» է, բայց վախենում է այդ մասին խոսել։ «Տղաներ ունեմ»,- ասում է:

Հիվանդի թոշակը «քթից բերում» են
Սամվելը հոգեբուժարանի դիսպանսեր հիվանդ է, ում անվճար հոգեմետ դեղորայք են հատկացնում, բայց, անգամ այդ դեպքում էլ՝ հիվանդին հատկացվող 19.000 դրամ հաշմանդամության թոշակը «քթերից բերում» են: «Նոր օրենք են հանել, որ մինչև հիվանդը չներկայանա՝ անվճար դեղերը հարազատներին չեն տրամադրի: Դե՛, դու պատկերացրու, ես Մալաթիայից Ավան տղայիս տանելու համար պիտի 4000 դրամ տաքսու գումար տամ, որ դեղերը ստանամ: Իրան հասարակական տրանսպորտ չի կարելի, կպչուն մտքեր ունի, վտանգավոր ա: Ասե՛ք, թոշակառու ամուսիններով ո՞նց խնամենք մեր հաշմանդամ տղային: Անընդհատ հայտարարում էին, որ հունվարից հաշմանդամների թոշակները բարձրացնելու են, բայց գիտե՞ք ինչքան են բարձրացրելգ 800 դրամ, 18000 դրամ էր, դարձրել են 19000: Բա ամոթ չի՞»,- բարկացած, վիրավորված ասում է տարեց կինը:

Ի դեպ, երեք թոշակառուներն ապրում են բոլորի թոշակը միասին` 80.000 դրամով, որի մեծ մասը հատկացնում են կոմունալ վճարներին, բայց գազի թանկացումից հետո երկու ամիս այդ գումարներն էլ չեն վճարել: Ասում է` «Տղաս ի ծնե հիվանդություն չի ունեցել: Բանակ տանելուց հայտնաբերեցին հիվանդությունը: Ձեր շուրջը նայեք՝ ինչքա՜ն հոգեկան հիվանդ կա: Էսօրվա սոցիալական վիճակից մարդիկ խանգարվել են, մարդիկ էն չեն: Ախր ի՞նչ են տեսնում պետությունից: Հեռուստացույց եմ նայում` ավելի եմ վատանում, գազի, լույսի սակագնի մասին էլ որ խոսում են, ու նայում ես գրպանիդ գումարին` խելագարվում ես: Ասում եմ՝ այ անխիղճներ, ախր հիվանդիս վրա լույս եք անջատում, բա մենք ծեր ամուսիններով ի՞նչ անենք, ո՞նց զսպենք էս երեխուն»:

100_5321 Տիկին Սոնյան, հարևանուհիները վստահեցնում են, որ այլևս դուրս են գալու փողոց ու, եթե մինչև հիմա անառողջ մարդկանց չպայքարելու պատճառը զուտ ֆիզիկական սահմանափակումն էր, ապա այլևս դա էլ հաղթահարելով` փողոց դուրս կգան: Միայն թե հույս չունեն, թե ինչ-որ բան կփոխվի, որովհետև «թագավորը» պետք է ցանկանա փոփոխությունը: Հարցնում եմ՝ «Բա որ ընտրությունների ժամանակ գործարք էիք կնքում, չէի՞ք մտածում հետագայի մասին»: «Ո՞նց չէինք մտածում, բայց մի մեղադրի հիվանդ, անհույս մարդու` փրփուրներից բռնվելու արարքը: Էլ չեմ անի, հավատա, էլ չեմ անի երբեք, թեկուզ տանս մեջ հիվանդությունից մեռնեմ,- ասում է ամեն խոսքի հետ արդարացող տարեց կինը` ՀՀ իշխանություններին նման հարց հնչեցնելով,- Ուզո՞ւմ եք իմանաք` ձեր երկրի թոշակառուները ոնց են ապրում: Թոշակը ստանում են, կոմունալ վարձերը տալիս են ու ընկնում, խանութներից պարտքով հաց են վերցնում: Շուրջբոլորը` պարտք, պարտք, պարտքգ Ապրելը պարտքով ա դարձել»:

Պրն նախագահ, 35.000 դրամով կարա՞ք համ ձեզ պահեք, համ էլ՝ թոռ

100_531774-ամյա Ժորա պապիկն ամեն օր դռնեդուռ ընկած աշխատանք է խնդրում: Ասում է՝ ժամանակին պահանջարկ վայելող արհեստավոր է եղել, սակայն այսօր նայում են տարիքին, ասում են՝ «Ծեր եք, մեզ ջահել ա պետք»: «Երկար տարիներ տարբեր տեղերում աշխատել եմ, լավ արհեստավոր եմ: Էլի կաշխատեմ: Ընկա, ոտքս ջարդեցի, ստեղից-էնտեղից փող ճարեցինք` վիրահատվեցի, բայց հիմա ոսկորներս անջատվել ա, ցավից մեռնում եմ, բայց հավատա, ջահելից լավ կաշխատեմ, մենակ թե տանեմ գազի, լույսի պարտքը տամ: Տղուս վիճակն անզսպելի կլինի: Մենք՝ հեչ, մենք ամեն ինչին դիմանում ենք: Որ անջատեն, պիտի մոմ վառենք, բայց մոմի լույսով հոգեկան հիվանդ պահելն աննկարագրելի մի բան ա»,- ասում է Ժորա պապը՝ ավելացնելով, որ վերջին քայլը լինելու է բնակարանի վաճառքի միջոցով կոմունալ պարտքերը վճարելն ու դրսում հայտնվելը:

Նա նկատում է, որ աշխարհն առաջընթաց է ապրում, մարդկությունը զարգանում է, իսկ հայաստանաբնակների կյանքը գնալով վատանում, անհնարին է դառնում: Ժորա պապն ուշադիր հետևել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին ու արձագանքելով նրա այն արտահայտությանը, որով թոշակառուներին հորդորում էր նստել տանն ու թոռներին պահել` ասում է. «Թոշակառուն պիտի կարողանա իրան պահել, որ թոռանն էլ պահի: 35.000 դրամով կարա՞ք համ ձեզ պահեք, համ էլ՝ թոռ»:

Տեսանյութեր

Լրահոս