Բաժիններ՝

Կապիտալս ուր փախցնեմ

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը։ Այն փակ էր. լրագրողները դրան չէին մասնակցում, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ հրապարակվեց մամուլում։

Դրանում, իհարկե, կային քննադատական գնահատականներ։ Ու չնայած հետաքրքրվողները, թերևս, արդեն հասցրել են ամբողջությամբ ծանոթանալ ելույթին, այդուհանդերձ, կցանկանայինք ուշադրություն հրավիրել այս հատվածի վրա։
«Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ: Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ` նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը»,- ասել էր Ծառուկյանը:
Ամեն ինչ ճիշտ է, չափից դուրս ճիշտ։ Ավելին` Գ. Ծառուկյանը գույները մեղմացրել է։ Կարելի էր ասել` ոչ միայն օտարերկրյա կապիտալն է խուսափում Հայաստանից, այլև Հայաստանի կապիտալն է փախչում այստեղից։ Նույն ինքը` Գագիկ Ծառուկյանը, վերջին տարիներին խոշոր ներդրումներ է արել արտերկրում։
Օրինակ, ըստ մամուլի հաղորդագրությունների` 2009 թվականին նա մոտ 25 մլն եվրոյով գնել է բուլղարական հանքային ջրերի «Gorna Banya» ընկերությունը: Բելառուսում բացվեց կոնյակի գործարան: Իսկ Ռիգայում Ծառուկյանը ձեռք էր բերել «Ռիգա» հյուրանոցը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հյուրանոցի համար վճարվել է մոտ 56 միլիոն եվրո։ «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հաստատել է, որ հյուրանոցը գնվել է, սակայն գնի մասին ոչինչ չէր ասել։
Նկատի ունեցեք, որ այսքանը միայն հայտնի գործարքներն են։ Չի բացառվում, որ Գ. Ծառուկյանը նաև այլ ներդրումներ է կատարել արտերկրում, որոնց մասին հանրությունը չգիտի։ Այսինքն` Գագիկ Ծառուկյանի կապիտալը նույնպես գնում է այլ երկրներ` նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը։ Խոսելով տնտեսության վիճակի, մրցակցային դաշտի, հարկային ու մաքսային վարչարարության և նման տիպի այլ խնդիրների մասին` ԲՀԿ ղեկավարը կարծես անուղղակիորեն արդարացնում է իր գործելաոճը։
Ի դեպ, ժամանակին լրագրողներից մեկը «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին հարցրել էր` ինչո՞ւ այդ խոշոր ներդրումը Հայաստանում չարեցիք, ինչո՞ւ որոշեցիք այդքան գումար հանել երկրից: «Իսկ Հայաստանում չե՞նք արել: Ես ձեզ ուրիշ բան ասեմ: Հիմա եթե Հայաստանում ուրիշ բան ստեղծենք, ներդնենք, կասեն, չէ՞, կասեն` վայ, Ծառուկյանն էս բիզնեսի մեջ էլ մտավ, չէ՞»,- պատասխանել էր Առուստամյանը:
Իհարկե, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին քննադատել, թե ինչու է իր կապիտալը ներդնում օտար ափերում։ Դա բիզնես է, իսկ բիզնեսն, ինչպես ասում են, հայրենիք չունի։ Կարևորը շահերն են, ու դա բնական է։
Սակայն, երբ նույն կապիտալի սեփականատերը ներդրումների հարցը քաղաքականացնում է, թերևս, ավելի ազնիվ կլինի, եթե ամբողջությամբ բացի փակագծերը։
Օրինակ, բոլորին քաջ հայտնի է, որ օտարերկրյա կապիտալին ամենից շատ վախեցնում է Հայաստանի արդարադատության համակարգը. նրանք իրենց պաշտպանված չեն զգում։ Որքան էլ երկիրն առաջադիմի տարբեր միջազգային զեկույցներում, և որքան էլ օրենքները բարենպաստ լինեն բիզնեսով զբաղվելու համար, միևնույն է, մեկ անհաջող պատմությունը կարող է ետ պահել մեծ թվով պոտենցիալ օտարերկրյա ներդրողների։
Իսկ նման անհաջող օրինակ կա` կոնկրետ «Մուլտի Գրուպի» հետ կապված։ 2009 թվականին Ծառուկյանը ֆրանսիական Castel խմբից ձեռք բերեց «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը: Գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերությունը, որի բաժնեմասը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել էր 3.2155 %, մինչև հիմա համարում է, որ «քցվել է»: 2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել էր համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» մոտ որևէ նոր բաժնետոմս չէր առաջացել, և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել էին` առանց որևէ համարժեք փոխհատուցման: Ընկերությունը դիմել է ՀՀ դատական բոլոր ատյաններին, սակայն արդյունքի չի հասել։ Այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Ընկերության ղեկավար Շտեֆան Լաքսհաուբերը մեր թերթի հետ զրույցում ասել էր, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն խորհրդի համար, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին։ Նա նաև նշել էր, որ որոշ ներդրողներ ցանկացել են Հայաստանում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, քանի որ աչքի առջև նման տխուր փորձ է եղել։
«Ես տեղյակ եմ, թե ինչպես է հայկական բիզնեսը փոխկապակցված երկրի քաղաքական իշխանության հետ»,- ասել էր գերմանացի գործարարը: Ոչ ոք չի ասում, որ այս վեճի մեջ Լաքսհաուբերը 100%-ով ճիշտ է։ Պարզապես այս ամբողջ պատմությունն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում ներդրողների տրամադրությունների վրա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե Եվրոդատարանը բավարարի գործարարի հայցը։ Կստացվի, որ կապիտալը Հայաստանից խուսափում է` նաև Ծառուկյանի շնորհիվ։
Ի դեպ, ԲՀԿ-ի քննադատությունները` որպես այդպիսին, ճիշտ են, սակայն անկեղծ չեն հնչում, հատկապես` երբ խոսքը վերաբերում է բիզնեսին։ Օրինակ, նույն կառավարությունը, որին ԲՀԿ-ն քննադատում է, ուժի մեջ թողեց շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի փոփոխությունը, որի արդյունքում մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող բոլոր խաղատները փակվեցին` Ծառուկյանի խաղատանը փաստացիորեն նվիրելով մենաշնորհի իրավունք։ Մի ժամանակ ասում էին` Հայաստանում չի կարող լինել Բենթլիով ընդդիմություն։ Դրան կարելի է նաև ավելացնել` Բենթլիով մոնոպոլիստ ընդդիմություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս