Վարդաձոր. բնակիչներն ապահովված չեն ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջրով
karabakh-open.info-ն գրում է. Վարդաձոր գյուղը Մարտակերտի շրջանի այն գյուղերից է, որի ճակատագիրը մեծապես կապվեց Կաշենի հանքավայրի շահագործման հետ: Մինչեւ անգամ խոսվում էր բնակիչների տեղափոխման մասին: Թե օրակարգում ինչ ունի համայնքը եւ ինչ խնդիրների առաջ է այսօր կանգնած, մեզ հետ կիսվեց Նելսոն Դանիելյանը, ով ղեկավարում է Վարդաձոր գյուղը 1998 թվականից:
-Պարոն Դանիելյան նախ սկսենք ամենակարեւոր ու կենսախնդիր հարցից, արդյո՞ք, բնակավայրի տեղահանման հարց կա օրակարգում, թե՞ ոչ:
-Բնակավայրի տեղահանման հարցը օրակարգից հանված է, սանիտարական գոտում հայտնվել էին ընդամենը 7 տուն, տեղափոխվում են միայն այդ 7 տների բնակիչները: Մի ընտանիք փոխհատուցված գումարով Մարտակերտում տուն է ձեռք բերել ու տեղափոխվում է Մարտակերտ: Մյուսների համար երկհարկանի տներ են կառուցվում գյուղում, 5 տուն արդեն կառուցվել է: Մեկ ընտանիք նույնպես նախընտրել է համարժեք գումարը: Համայնքի տարածքից 647 հա հողատարածք է հայտնվել սանիտարական գոտում, սեփականատերերը համապատասխան փոխհատուցում են ստացել հեկտարի դիմաց 1 մլն 320 հազար դրամի չափով:
-Հանքի շահագործումը վնասակար չէ՞ բնակիչների առողջությանը։
Այդ հարցերը բարձրացվել են, քննարկումների ժամանակ ներկա էին մասնագետներ ՀՀ բնապահպանության պետական տեսչությունից, ովքեր հավաստիացրել են, որ ոչ մի վտանգ չկա, սահմանված 300 մետր հեռավորության փոխարեն պահպանվում է 500-ը: Հույս ունենանք, որ բնակիչները չեն տուժի:
-Ինչպե՞ս կարելի է որակել 2013 թվականը համայնքի համար։
-Ընդհանուր առմամբ գոհ ենք անցած 2013 թվականից: Հանքավայրի շահագործման արդյունքում գյուղի բնակիչներն արդեն աշխատանք ունեն, գործազրկության հարցը լուծվել է: Փոխհատուցմամբ ստացած գումարներով որոշակի խնդիրներ են լուծվել /չնայած այլեւս հողատեր չեն/: Հինգ ծնունդ ենք ունեցել, տարին փակել ենք առանց մահվան:
Գյուղում տնտեսական ծրագիր է իրականացնում նաեւ «Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպությունը, որը սոցիալապես անապահով ընտանիքներին խոշոր եղջերավոր անասուններ է տրամադրում, սա էլ իր հերթին մեծ օգնություն է գյուղացիների համար:
Հարցազրույցն ամբոջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: