Ադրբեջանի ՊՆ-ը պլանավորել է 2014 թվականին մեծացնել պայմանագրային զինծառայողների քանակը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պլանավորել է 2014 թվականին մեծացնել բանակում պայմանագրային զինծառայողների քանակը: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Պայմանագրային զինծառայողներին կհանձնվի ռազմական տեխնիկայի ու գերճշգրիտ զենքի ղեկավարումը, ինչպես նաև նրանց կնշանակեն կրտսեր հրամանատարական պաշտոններում: Զինված ուժերում գտնում են, որ այդ կերպ կավելանա զինծառայության որակը, իսկ բացասական դեպքերը կհասցվեն նվազագույնի:
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2013 թվականի դեկտեմբերից իրենք դիմումներ են ստանում քաղաքացիներից, որոնք ցանկանում են դառնալ պայմանագրային զինծառայողներ: Դրանց ստույգ քանակը չի հաղորդվել, սակայն նշվում է, որ այդպիսի դիմումների քանակն աստիճանաբար աճում է: Նշվում է, որ այդ պրակտիկան արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում է սահմանային ու ներքին զորքերում: