Սիրիական ազատ բանակը փոխել է իր Գլխավոր շտաբի պետին
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) Գլխավոր շտաբի պետ, սիրիական զինված ընդդիմությունում Արևմուտքի գլխավոր գործընկերներից Սալիմ Իդրիսը պաշտոնանկ է արվել: Համապատասխան որոշում կայացրել է ապստամբների Բարձրագույն զինվորական խորհուրդը:
Որպես Իդրիսի պաշտոնանկության պատճառներ են նշվում բազմաթիվ ռազմական անհաջողություններն ու ՍԱԲ-ում փաստացի պառակտումը: Նախորդ տարեվերջին տեղեկատվություն հայտնվեց, որ ՍԱԲ-ը կտրականապես կորցնում է իր ազդեցությունը՝ իսլամական խմբավորումների ուժեղացման ֆոնին, և որ այն կարող է փլուզվել:
ՍԱԲ-ի բազմաթիվ հրամանատարներ գնացին Եվրոպա՝ վախենալով ներքին հաշվեհարդարից: Վերջին շրջանում Սիրիայում իր ազդեցությունն ուժեղացրել է «Իսլամական ճակատը», որը ձևավորվել է նախորդ տարվա նոյեմբերին՝ միավորելով ավելի փոքր իսլամական մի շարք խմբավորումների:
«Իսլամական ճակատը» անմիջապես հայտարարեց, որ չի ենթարկվում ՍԱԲ-ի Գլխավոր շտաբին և գործելու է ինքնուրույն: Դեկտեմբերի սկզբին «Իսլամական ճակատի» զինյալներն ամայեցրին ՍԱԲ-ի պահեստներն ու տիրեցին մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի, հանդերձանքի ու տեխնիկայի:
ՍԱԲ-ի նոր Գլխավոր շտաբի պետ է դարձել Աբդել Իլյահ ալ-Բաշիրը, ով վայելում է զինյալների հարգանքը: