Աշխարհում ներգաղթյալների քանակը հասել է 232 միլիոնի. զեկույց

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարան է ներկայացվել 2013 թվականին ներգաղթյալների դրության մասին զեկույց, որում խոսք է գնում նաև ժամանակակից աշխարհի զարգացման մեջ երիտասարդ ներգաղթյալների ներդրման ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին:

Դրա համաձայն, ներկայումս աշխարհում հաշվվում է մինչև 20 տարեկան 35 միլիոն ներգաղթյալ և 20-29 տարեկան 40 միլիոն ներգաղթյալ: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային ներգաղթյալների ընդհանուր քանակը հասել է 232 միլիոն մարդու` ողջ համաշխարհային բնակչության 3.2 տոկոսը: Մինչև 29 տարեկան ներգաղթյալներին բաժին է ընկնում բոլոր ներգաղթյալների 30 տոկոսը:

Միգրացիան հաճախ կապված է կրթության ու աշխատանքի պլանում ավելի լավ հնարավորություններ փնտրելու, ինչպես նաև աղքատությունից, քաղաքական անկայունությունից, հակամարտություններից ու մարդու իրավունքների խախտումներից ազատվելու ձգտելու հետ: Բացի այդ, մարդիկ երբեմն հարկադրված են լինում տեղաշարժեր կատարել բնական աղետների հետևանքով:

Զեկույցում ընդգծվում է երիտասարդ ներգաղթյալների ներդրումը երկրների զարգացման մեջ: Սովորաբար նրանք համառորեն աշխատում են, որպեսզի դուրս գան աղքատության ճիրաններից և դրանով իսկ խթանում են այն երկրների տնտեսական զարգացումը, որոնցում հայտնվել են նրանք:

Միաժամանակ նրանք օգնում են իրենց երկրներին` նյութապես օգնելով դրանցում մնացած իրենց ընտանիքներին: Զեկույցի հեղինակները երիտասարդ ներգաղթյալների հարցում ուշադրություն են հրավիրում տվյալ երկրներից «ուղեղի արտահոսքի» վրա, ինչը հատկապես վերաբերում է կրթական ու առողջապահական ոլորտներին:

Տեսանյութեր

Լրահոս