
«Եվրամայդանի» ակտիվիստներն ազատել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` «Եվրամայդանի» ակտիվիստներն այսօր առավոտյան ազատել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքը, որը նրանք շրջափակել էին ավելի քան երկու ամիս: Դա հանդիսացավ պատասխան քայլ` Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված բոլոր 234 ցուցարարին ազատ արձակելու համար:
Դրանով իսկ իշխանությունն ու ընդդիմությունն իրագործում են հունվարի 29-ին Գերագույն ռադայի ընդունած համաներման մասին օրենքի դրույթները: Դրա համաձայն, ակտիվիստները պետք է մինչև փետրվարի 17-ը լքեին ողջ երկրում իրենց գրաված վարչական շենքերը:
Ցուցարարները Կիևի քաղաքային վարչակազմի շենքը գրավել էին նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին` հակակառավարական զանգվածային ակցիաների անցկացման ֆոնին: Հունվարին բողոքի ակցիաներն ու վարչական շենքերի գրավումը տարածվել էր նաև շրջաններում: