«Ոսկե կամուրջի» անհրաժեշտությունը կամ իշխանափոխության խնդիրն անխուսափելի է

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ արդարության զգացումի պակաս կա Հայաստանում: Դա վերականգնելու և իրավիճակը շտկելու ի՞նչ ուղիներ եք տեսնում: Իշխանությունն ասում է` բարեփոխումներ իրականացվում են թե՛ արդարադատության, թե՛ տնտեսության և թե՛ այլ ոլորտներում, բայց անարդարության զգացումը խորանում է:

– Հնարավոր չէ իրավիճակն անմիջապես ու կտրուկ փոխել: Հարկավոր են ոչ թե առանձին փոփոխություններ, այլ սոցիալական ու քաղաքական մշակույթի լուրջ հեղափոխություն է պետք, որ կառուցվածքային փոփոխություններ լինեն: Օրինակ, ես չեմ կարծում, որ Ուկրաինայում լուրջ հեղափոխություն է` փոխվելու է իշխանությունը:

Իհարկե, այնտեղ բարեփոխումներ կանեն, որպեսզի համապատասխանեն Եվրոպայի պահանջներին, հստակեցնեն, թե որ ճանապարհով են շարժվում: Բայց դա հեղափոխություն չի լինի, օլիգարխների մի խումբը կգնա, մյուսը կգա իշխանության:

– Իսկ Հայաստանի՞ դեպքում:

– Մեզ մոտ էլ է լինելու իշխանափոխության խնդիր: Թե ինչպես են լուծելու` դժվարանում եմ ասել: Կա մի քանի սցենար, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ: Կարծում եմ` իշխանությունն արդեն այսօր, եթե ոչ` ավելի շուտ, մտածում է, թե ինչպես պետք է լինի այդ իշխանափոխությունը. կամ պետք է իշխանությունը վերարտադրվի, կամ պետք է իրեն մոտ ուժ բերի, որ ապահովի իր շահերը, կամ հնարավոր է` ամբողջությամբ նոր ուժ գա, բայց դա դժվար է պատկերացնել, թեև չի բացառվում:

Շատ են հարցնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին` հնարավոր է, բայց ինչքանով է հավանական` չեմ կարող ասել: ՀՀ-ում սպասում են Ուկրաինայի դեպքերի զարգացմանը, թե ինչ կարող են սովորել նրանց փորձից: Շատ բան կախված կլինի առաջնորդների քաղաքական վճռից` ինչպես են բանակցելու: Եվ այդ բանակցությունները սկսվելու են ոչ թե 2017-ին, այլ ավելի շուտ:

Մենք կարող է տեղյակ էլ չլինենք` երբ և ինչպես կպայմանավորվեն: Ուկրաինայում մասամբ նույն խնդիրն է, բայց այնտեղ արտաքին վտանգ չկա, մենք ունենք այդ վտանգը: Մեր իրավիճակները տարբեր են` իրենց աշխարհագրական դիրքը, տնտեսությունը, հնարավորություններն այլ են, բայց ինչ վերաբերում է համակարգի կառուցվածքին, տարբերություն չկա` այստեղ և այնտեղ նույն կիսաֆեոդալական վիճակն է: Արդյոք Հայաստանը կարո՞ղ է փոխվել, ու ինչպե՞ս:

Մի մասն ասում է` պետք է գնալ դեպի Եվրոպա, մի մասը` դեպի Մաքսային միություն, որը շատ քննադատում են, թե կորցնում ենք երկրի ինքնիշխանությունը: Ես չեմ կարծում, որ դա այդպես է: Բայց պետք է մտածել, որ այսօր ճեղք կա, որն առաջնորդության հետ է կապված: Մեր առաջնորդները, շատ թե քիչ, պատերազմի մասնակից էին, դրա համար իրենց մոտ տրանսակցիոն առաջնորդությունն առկա է, կարողանում են ճգնաժամային հարցեր լուծել, ինչ-որ կերպ երկիրը գոյատևում է: Բայց ներկայիս մարտահրավերները շատ լուրջ են, երկիրը պետք է նոր ձևով մոբիլիզացվի, որ մոտակա 10-20 տարում խնդիրները լուծի ու զարգացման այլ մակարդակի անցնի:

Դրա համար պետք է տրանսֆորմացիոն առաջնորդություն, կամ 2 առաջնորդության սիմբիոզ: Բայց 2-րդի հույս չկա, այսինքն` լիներ առաջնորդ, որ կարողանար հստակ հեռանկարային տեսլական սահմաներ, թե Հայաստանն ինչպես է պատկերացնում 20-30 տարի անց: ՀՀ-ին հարկավոր է գլխավոր նպատակ ու դրան տանող մանր քայլեր, ժողովուրդը պետք է տեսնի, որ շարժվում է այդ ուղղությամբ և փոփոխությունները տեղի են ունենում, որ երկրում իրոք հնարավոր է մրցակցել, որ մենք ոչ միայն հրավիրում ենք եվրոպական ներդրողներին, թե` եկեք, մենք ձեզ լավ կնայենք, այլ ստեղծում ենք պայմաններ, որ իրենք վստահեն ու ներդրումներ անեն: Տրանսակցիոն առաջնորդությունը, եթե համեմատենք այլ երկրների հետ, եթե ոչ` գերազանց, ապա, քիչ թե շատ, արվել է:

Գուցե այլ երկիրը նույն իրավիճակում` սահմանները փակ, պատերազմից հետո, քանդված, ավելի վատ լիներ: Թեև մարդկանց չի մխիթարում, որ ավելի վատը կա ու, բնական է, որ մարդ ձգտում է ավելի լավին: Շարժվելով դեպի 2017 թիվ` ամեն ինչ կախված կլինի նրանից, թե առաջնորդները կկարողանա՞ն տրանսֆորմացիոն առաջնորդություն ցուցաբերել և նոր, համոզիչ տեսլական ներկայացնել, որ ժողովուրդը համոզվի, որ հերթական անգամ միայն խոսքեր չեն շռայլում: Ես չեմ կարող ասել` ո՞վ կանի դա, կամ հնարավո՞ր է, թե՞ ոչ, բայց այդ պահանջը կա: Անցած ընտրությունների ժամանակ տեսանք, որ բողոքի ներուժը ՀՀ-ում մեծ է, ժողովուրդն ուզում է տեսնել առաջնորդ, որն այդ տեսլականը ոչ միայն խոսքերով կարող է նկարագրել, այլև գործով ապացուցել, որ հնարավոր է:

– Իսկ երբ 2008-ին ժողովուրդը մոբիլիզացվեց, բայց ռեալ արդյունք չգրանցվեց, դա նույնպե՞ս առաջնորդության խնդիր էր:

– Այո, դա առաջնորդության խնդիր էր: Մենք պետք է հասկանանք` ինչն է հնարավոր հեղափոխական մեթոդով փոխել երկրում: Հեղափոխություն կազմակերպելու և անցկացնելու տեխնոլոգիաներին բոլշևիկներն էին շատ լավ տիրապետում: Երբ մոբիլիզացիան կա, բայց մնացած կետերը չկան, որ կբերեն իշխանափոխության, դա հանգեցնում է նոր հիասթափության:

Օրինակ` այդ գիծը չեն անցել նույն Ուկրաինայում, բայց մոտ են: Բերկուտը` ուժային գործոնը, չեն կարող կիրառել, որովհետև դրսից ճնշումներ ու պատժամիջոցների կիրառման վտանգ կա, օլիգարխների մեծ մասն էլ դա չի ուզում, որովհետև իրենց շահերից չէ, այլապես ավելի շատ ուժ կկիրառեին: Եթե ուժային լուծման ուղիով գնան, դա կարող է զարգացման ավելի վատ սցենարի բերել:

Ուկրաինայում տեսնում են, որ 1 տարի հետո իշխանությունը փոխվելու է, էլ ինչո՞ւ այսօր ավելի շատ արյուն թափել: Հեղափոխությունը չի կայանում միայն զուտ ցույցերով: Նման դեպքեր եղել են, բայց դա անիրական է Հայաստանի դեպքում: Վրաստանի կամ Ուկրաինայի առաջին հեղափոխությունը հասկանալի է, թե ինչու այնտեղ հաջողության հասան, իսկ մեզ մոտ` ոչ:

Խնդիրն ուժային պահն է` եթե ուժային կառույցները քո կողմից չեն և պաշտպանում են իշխանություններին, ոչինչ չես կարող փոխել ու հայտնվում ես դիլեմայի առջև` արյուն թափե՞լ, թե՞ չթափել: ՀՀ-ում 2008-ին շատ մոտ էին հեղափոխությանն, ու մեծ սխալ էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ կարծում էր, թե կարող է կամաց-կամաց գործել, բայց պետք է վաղ թե ուշ դուրս գային Բաղրամյան 26 և գրավեին փոստը, հեռուստակայանը, երկաթուղային կայարանները և կամուրջները: Խնդիրն այն էր, որ իրենք չէին պատրաստել այն, ինչ ես կոչում եմ «ոսկե կամուրջ»:

Եթե ուզում ես, որ մյուս կողմը զիջի, պետք է «ոսկե կամուրջ» կառուցես իրենց համար, որ ապահով հեռանան, իմանան, որ կորուստներ չեն ունենա: Բայց 2008-ին բեմերից կոչեր էին հնչում` հոկտեմբերի 27-ի պատասխանատվության մասին, և այլն: Մինչդեռ մյուս կողմում մարդ էր, ով իր դիրքերը մինչև վերջին փամփուշտ կպաշտպաներ:

Հոգեբանորեն պետք է պատկերացնել և գիտակցել` ինքդ պատրա՞ստ ես գնալ դրան: Ինձ թվում է` Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր ու վերջին պահին հրաժարվեց: Ես չգիտեմ, թե ով էր այդ օրերին` Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Դավիթ Շահնազարյանը, որ առանց Տեր-Պետրոսյանի գիտության` ժողովրդին տարավ բախումների:

Առաջնորդները պետք է հասկանան` հեղափոխակա՞ն է ճանապարհը, թե՞ երկիրը պետք է հետզհետե փոփոխել: Մարդիկ Եվրոպա են ուզում, բայց եկեք նախ եվրոպացի դառնանք: Օրինակ` Երևանի կենտրոնում կարող է սատկած կատուն օրեր շարունակ գետնին մնալ, ու ոչ մեկը ոչինչ չի անում:

Առաջնորդի խնդիրն այդտեղից է սկսվելու, որ առաջարկի այնպիսի տրանսֆորմացիոն ճանապարհ, որ մենք որպես հայ` գիտակցենք, որ այն լուրջ հաջողության կբերի: Մենք կորցրել ենք մեր պետականությունը, մինչև 20-րդ դար եղել է տարբեր կայսրություններում ապրող ժողովուրդ, որի համար պետությունը թշնամի է եղել: Դրա պատճառով մեզ մոտ չկա պետական ընդհանուր շահի գերադասումը: Դա փոխելը շատ մեծ խնդիր է առաջնորդի համար: Պետք է հասկանալ, թե 20 տարի հետո ինչ է լինելու այս երկիրը:

Օրինակ` կենսաթոշակային բարեփոխումը կարծես վատը չէ, բայց մարդիկ դեմ են, որովհետև իշխանությանը չեն հավատում: Սակայն ինչքա՞ն չեն հավատում` 20-25 տարի՞, այսինքն` մտածում են, որ այդքան տարի անց նույնը շարունակվելու է, և ապագա Հայաստանին էլ չեն վստահում: Դա է զարգացման համար ամենամեծ խոչընդոտը: Մարդիկ պետք է հույս ունենան, ու հույսի առաջնորդություն է պետք:

– Ձեր կարծիքով՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ ի՞նչ պետք է փոխվի, որ ՀՀԿ-ն իշխանությունից հեռանա:

– Ինձ չի թվում, որ իրենք պատրաստ են հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը, որ հասկանան, որ այդ խնդիրը կա, և գիտակցեն, որ իրենք պետք է բարեփոխվեն, այլապես մենք կարող է կորցնենք անկախ ազգային պետություն կառուցելու պատմական հնարավորությունը, կամ ավելի մեծ տեմպերով միգրացիոն խնդիրներ են սկսվելու: Սա «հաղթողի անեծք» է` մեր տրանսակցիոն խնդիրը պատերազմի բացառումն էր:

Այսօր մեծ պատերազմի հավանականությունը շատ ցածր է, դա հաջողություն է, բայց անեծքը նրանում է, որ եկել ենք հասել ինքնագոհության` մեծ վտանգ չկա, որ փոփոխությունների հրատապության զգացում առաջացնի: Մինչդեռ փոփոխությունների մեծ կարիք կա, և էլիտայի խնդիրն է` այդ ազդակը հասցնել թե՛ հանրապետականներին, թե՛ այլ կուսակցություններին, որ, եթե այսպես շարունակվի, 20-30 տարի անց վիճակը շատ ավելի վատ է լինելու: Թե ինչ պետք է արվի` քայլերի հաջորդականությունը կախված է նրանից, թե ով է առաջնորդը:

Ամեն դեպքում երկրի տեսլականը ոչ ոք միայնակ չի կարող ստեղծել, դա թիմային աշխատանք է պահանջում: Թիմը պետք է մշակի գործողությունների ծրագիրը, դնի քննարկման, մեկ այլ կամ ավելի թիմեր կարող են իրենց տեսլականն ունենալ, պետք է բանակցեն, գան ընդհանուրի, ու ազգային բավարար կոնսենսուս լինի, որ պետության 20-30 տարվա զարգացման տեսլականն ընդունելի է բոլորի համար:

4-8 տարվա ծրագրով ժողովրդավարություն չես կառուցի: Իսկ երկարատև ծրագիրը նշանակում է, որ մենք ունենք ընդհանուր նպատակ` անկախ նրանից, թե իշխանության ղեկին որ կուսակցությունն է ու ինչ ճանապարհով է տանում դեպի այդ նպատակը: Մտածող էլիտան պետք է համախմբվի այդ հարցերի շուրջ, պետք է քննարկումներ կազմակերպել, նույնիսկ քննադատել, բայց ոչ անձերին, այլ երևույթը, թե որտեղ ենք տեսնում երկիրը: Մնացածը տեխնիկական խնդիրներ են: Օրինակ` մոտ 20 տարի խոսում են, որ պետք է մրցակցային ոլորտը փոխել, բայց ո՞վ պետք է փոխի:

Նոր սերունդը պետք է համախմբվի, ու նույն ՀՀԿ-ականները, ինչո՞ւ չէ, իրենք թող ներկայացնեն ծրագիր: Մեզ թվում է, թե իշխանափոխությունը բոլոր հարցերը կլուծի: Ոչ, չի լուծի: Եթե չենք սահմանում` ինչն է խնդիրը, ու ով պետք է լուծի, այդ հարցերը կմնան չլուծված: Իշխանությունը կարող է փոխվել, բայց կրկին արդարություն չլինի երկրում: Արդարությունը չի կարող 1 օրվա ընթացքում հաստատվել, դա ռեսուրսներ, կամք ու համբերատար մոտեցում է պահանջում: Խնդիրն այն չէ, որ նոր վարչապետ, արդարադատության կամ այլ նոր նախարարներ ունենանք: Խնդիրը կոռուպցիոն համակարգի փոփոխությունն է:

– Իսկ հնարավո՞ր է, որ նույն մարդիկ մնան իրենց տեղերում, ու համակարգը փոխվի, որովհետև պաշտոնյաներն իրենց աթոռներից ինքնակամ չեն հրաժարվի:

– Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ նույն մարդիկ կարող են մասնակցել այդ փոփոխությանը: Դրա համար հարկավոր է դանդաղ ընթացք, ստեղծվեն փոքր մոդելներ, որ ցույց տան, որ փոփոխությունները հնարավոր են: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատական համակարգում ավելի մեծ գումարներ են ստանում կոռուպցիոն ճանապարհով, քան, եթե աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացվեն: Դրա համար պետք է խստացվի պատասխանատվությունն, ու ոլորտը քիչ-քիչ փոխվի:

Կադրային խնդիրներ ևս կան, փոփոխության պահանջարկը պետք է մեծ լինի, հակառակ դեպքում, ոչինչ չի արվի, ու այդ դեպքում սցենարն անընդունելի կլինի` կկորցնենք անկախ Հայաստանը: Գուցե արտաքին վտանգը մեծ չլինի, բայց ներքին սպառնալիքը մեծ է, արտագաղթի ծավալների մեծացմանը զուգընթաց, հնարավոր է` նաև Հայաստանը բնակեցնեն թուրքերն ու պարսիկները: Դրա մասին էլ պետք է մտածել:

Բայց առաջնայինը պետք է անձերի որակումները մի կողմ թողնենք, ու քաղաքական առաջնորդները քննարկումներ կազմակերպեն, և ոչ թե հաջորդ ընտրություններից առաջ, այլ արդեն երեկ պետք է քննարկումները սկսվեին: Մեզ մոտ բացասական իրողությունները շատ երկար քննարկվում են, բայց ոչ մի լուծում չի առաջարկվում: Եվրոպա գնալը բոլոր հարցերը չի լուծի, լուծումը մեզնից է կախված: ԵՄ-ին անդամակցած վերջին երկրներում` Բուլղարիայում, Ռումինիայում, թեև շատ բան փոխվել է, բայց շատ կտրուկ տարբերություն չկա, նույն կոռուպցիան բարձր է, զարգացման տեմպերը բարձր չեն: Մենք պետք է անենք այն, ինչ հնարավոր է անել այստեղ: Պետք է պատասխանենք 3 հարցի` ո՞վ ենք, ի՞նչ ենք, ո՞ւր ենք գնում:

– Որոտանի ՀԷԿ-ի վաճառքն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը բուռն քննարկումների տեղիք տվեց, փորձագետները զարմանք են հայտնում, որ ՀՀ-ում, որտեղ էներգետիկ համակարգը ռուսների ձեռքին է, հանկարծ այսպիսի գործարք տեղի ունեցավ: Ինչպե՞ս կգնահատեք այդ գործարքը:

– Դա միֆ է, որ ամեն ինչ ռուսների ձեռքում է, և անհնար է նրանց հետ բանակցել ու հնարավորություն գտնել ամերիկացիների կամ եվրոպացիների հետ գործարք կնքելու: Մանրամասներին ծանոթ չեմ, բայց վերջին տարիներին ռուսները, լավ իմանալով, թե իրենց ինչ է հետաքրքրում Հայաստանում, ավելի հաճախ են գալիս ու ստանում ցանկացածը: Բայց եթե նույն ամերիկացիներն ու եվրոպացիները պարբերաբար մասնակցեն մրցույթների, իրենց ներկայությունն էլ երկրում կմեծանա: Գուցե ամերիկացիները նաև մտածում են, թե ռուսներն այստեղ են, ու իրենք ոչինչ չեն կարող անել, բայց դա այդպես չէ, պետք է իրենց հետ բանակցել:

Ես չեմ կարծում, որ ռուսներն այդ հնարավորությունն ունեն` Հայաստանը տոտալ վերահսկելու: Իրենք այդ ռեսուրսն էլ չունեն: Իրենց ավելի շատ հարկավոր է, որ ՀՀ վերնախավը լինի իրենց վերահսկողության տակ: Իսկ ներդրողներին առավել շատ խրտնեցնում են ստվերի առկայությունը, այլ հանգամանքներ: Եթե դիտարկենք նախագահ Սարգսյանի ելույթը Չեխիայում, իր հայտարարությունը կարդանք, կհասկանանք, որ ինքն էլ է գիտակցում իրավիճակը ու եվրոպացի ներդրողներին խոստանում հատուկ պայմաններ ստեղծել այստեղ:

Մինչդեռ, օրենքի գերակայությունն ու հավասար մրցակցային պայմանները բիզնեսի համար ամենահուսալի ու գրավիչ պայմաններն են: 20 տարվա ընթացքում ռազմավարական այլընտրանքները ՀՀ-ում շատ վատ ենք կառավարել: Պետության անկախության չափը կախված է ունեցած այլընտրանքներից, և, թե որքանով են դրանք ռազմավարական, երկարատև, մտածված և այլն: Դա չես կարող անել, եթե 20-30 տարվա զարգացման պատկերը չես տեսնում: Իսկ ժողովրդին համախմբելու համար ազգային նպատակ է պետք:

Տեսանյութեր

Լրահոս