Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարել է. «Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասին՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ: Խոստանում եմ մեկ բան՝ լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն:
Պարզվեց, որ սա բավարար չէ, մեր պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերը րականացնելու:
Եվ երկրորդ տարբերակը՝ հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները՝ թե խորհրդարանում, թե ժողովրդի հետ: Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:
Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհ էր: Բայց եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին: «Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքաանությանն իրական այլընտրանք: Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցակացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան, ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ և ինչ ենք առաջարկում ինքներս»:
Ելույթի մանրամասները՝ առաջիկայում: