Բաժիններ՝

Դագաղագործ. «Մահվան մասին աշխատանքի ընթացքում չեմ էլ մտածում». Medialab.am

medialab.am-ը գրում է. Քարե պատերի ներսում, հողոտ ու փոշոտ խցում, արհեստավորների գործիքների սիմֆոնիկ աղմուկի մեջ իսկական աշխատանքային եռուզեռ է: Սենյակի պատերին կողք կողքի շարված են սրբապատկերներն ու խաչերը, որոնց մոտ` կիսավառված, չորացած մոմեր: Մեջտեղում մեծ վառարանն է, կողքի սեղաններին երկարությամբ փռված դագաղներ, որոնց ջանասիրաբար ձև ու չափ են տալիս բազմամյա փորձով վարպետները:

29-ամյա Վահե Զաքարյանը՝ ամենօրյա աշխատանքի ծխից ու փոշուց դեղնած շորերը հագին, գլխարկը գլխին ու կարճ մատիտը ականջի հետևը, ամեն առավոտ օրը սկսում է նույն կերպ:

Չափումներ անում, սղոցով տախտակները կտրում, մեխով իրար կպցնում, մակերեսը հարթեցնում ու մինչև օրվա վերջ արդեն 3-5 դագաղ կողք կողքի պատրաստի շարում արհեստանոցի միջանցքում:

«Արդեն 4-5 տարի է, աշխատում եմ որպես դագաղագործ: Դե, 17 տարեկանից հյուսնություն եմ սովորել: Սկզբից երկար ժամանակ կահույքի գործ էի անում, հետո սկսեցի դագաղագործությամբ զբաղվել»,- ասում է Վահե Զաքարյանը:

Նրա ձեռքերն արդեն գիտեն այս արհեստի բոլոր նրբությունները: Վահեն արագ-արագ հարթեցնում է վեցանկյուն դագաղի կողքերը և պատմում ընդունված չափանիշների ու արտառոց դեպքերում յուրօրինակ պատվերների մասին:

«Մերը հիմնականում ցածր և միջին խավի գործն է: Այնպիսի դագաղներ ենք պատրաստում, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դա է գնում, ամենաէժանն է: Երկարության ստանդարտ չափը 1 մետր 80 սմ է, իսկ ուսերի լայնությունը 60 սմ, բայց շտանգիստների դեպքում լայնությունը 67 սմ ենք անում, կամ բոյով մարդկանց համար երկարությունը մինչև 2 մետր 10 սմ ենք խփում»,- ասում է Վահեն:

Երիտասարդ դագաղագործը նշում է, որ տղամարդկանց դագաղները պատրաստվում են մուգ շագանակագույն, կանանցը՝ բաց, իսկ երիտասարդ աղջիկներինն ու երեխաներինը՝ սպիտակ:

«Արհեստավոր կա, երեխայի դագաղ չի պատրաստում, չի համաձայնում, վախում է՝ իբր իր երեխայի դեմը չբերի»,- ասում է Վահեն և հավելում, որ ինքը նման վախեր չունի ու մահվան մասին աշխատանքի ընթացքում չի էլ մտածում:

Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը` Կարապետ Սահակյանի
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս