
Սիրիայի քիմիական զենքը կոչնչացվի Ֆինլանդիայում ու Ֆրանսիայում. OPCW

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW) այսօր հայտարարել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման աշխատանքների կատարման մրցույթի արդյունքների մասին:
Դրանց համաձայն, Սիրիայի քիմիական նյութերի ոչնչացմամբ զբաղվելու է երկու ընկերություն՝ ֆիննական Ekokem AB-ը և ֆրանսիական Veolia-ն: Այդ աշխատանքների կատարման համար OPCW-ը նրանց կհատկացնի 40 միլիոն եվրո: Ակնկալվում է, որ այդ ընկերությունները կոչնչացնեն 500 տոննա արդյունաբերական քիմիկատ ու մի քանի միլիոն լիտր թունավոր մնացուկ:
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացում ներգրավված են նաև ամերիկյան ռազմանավերը, որոնք հագեցած են հատուկ սարքավորումներով: Նրանք ոչնչացնում են ամենավտանգավոր քիմիական նյութերը՝ գտնվելով բաց ծովում՝ բնակելի կետերից զգալիորեն հեռու: