ԱՄՆ-ը կամ ՌԴ-ը չպետք է որոշեն, թե ով է ղեկավարելու Եգիպտոսում. Մարի Հարֆ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Եգիպտոսի նոր նախագահի մասին որոշումը պետք է կայացնեն եգիպտացիները և ոչ թե Վաշինգտոնը կամ Մոսկվան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Մենք բնականաբար խորհուրդներ չենք տալիս (Եգիպտոսի ապագա նախագահի) թեկնածությունների շուրջ: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը կամ էլ պարոն Պուտինը պետք է որոշեն, թե ով է ղեկավարելու Եգիպտոսում: Դա պետք է որոշի Եգիպտոսի ժողովուրդը»:
Հարֆն այդ կերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երեկ Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի թեկնածությանն աջակցություն հայտնելը:
Հարֆը հերքել է այն կարծիքները, թե Ռուսաստանի ու Եգիպտոսի համագործակցությունը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի ու Եգիպտոսի փոխհարաբերությունների վրա: