
Պուտինը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություններ է մաղթել Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին, ով որոշել է առաջադրել սեփական թեկնածությունը Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններում.
«Ես տեղյակ եմ, որ Դուք՝ պարոն պաշտպանության նախարար, որոշել եք առաջադրվել Եգիպտոսի նախագահական ընտրություններում: Դա շատ պատասխանատու որոշում է՝ Եգիպտոսի ժողովրդի ճակատագրի համար նման առաքելություն ստանձնելը: Ես և՛ անձամբ իմ, և՛ Ռուսաստանի ժողովրդի անունից հաջողություններ եմ մաղթում Ձեզ»:
Պուտինի խոսքերով՝ Եգիպտոսում առկա կայունությունը զգալիորեն պայմանավորում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Պուտինը Սիսիին մաղթել է հարաբերությունների կարգավորում եգիպտական հասարակության բոլոր շերտերի հետ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանը 2 միլիարդ դոլարի զենք կհատկացնի Եգիպտոսին: