Ազատամարտիկների նոր միություն չի ստեղծվի
Հունվարի 29-ին «Սասուն» ջոկատի նախկին հրամանատար Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ստեղծել Ազատամարտիկների միություն: Այդ հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց պարզվում է, որ նման միության ստեղծումն անհնարին է այնտեղ հավաքված ուժերի՝ այդ հարցում ունեցած մոտեցումների տարբերության պատճառով:
Ազատամարտիկների միջև տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել փետրվարի 10-ին տեղի ունեցած երկրորդ հավաքից հետո, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
«Այն խոսակցությունները, որ մենք նոր միություն ենք ստեղծում, որը պետք է հակակշիռ լինի ԵԿՄ-ին, լրիվ ապատեղեկատվություն են: Մենք ոչ մի միություն էլ չենք ստեղծում, դրա ժամանակը չկա, որ մենք հիմա զբաղվենք իրավաբանական հարցեր լուծելով` կանոնադրություն գրելով ու հաստատելով: Երկիրն այն վիճակում է, որ պետք է օր առաջ լուծել իշխանափոխության հարցը: Բացի այդ, եթե մենք կազմակերպություն ստեղծենք ու ծրագրի մեջ գրենք, թե ինչ նպատակով ենք այն ստեղծում, այսօրվա պետական հաստատությունները նման կազմակերպություն չեն էլ գրանցի»,- ասում է «Տիգրան Մեծ» ջոկատի անդամ մի ազատամարտիկ, ով չի ցանկանում նշել իր անունը:
Նա նշում է, որ կազմակերպություն ստեղծելու մասին խոսակցությունները տարածվել են որոշ լրագրողների անբարեխիղճ աշխատանքի արդյունքում, ովքեր սխալ են ներկայացրել Սասուն Միքայելյանի մտքերը:
Միքայելյանն ասել է, որ ինքը մտադիր է հավաքել ազատամարտիկներին, միավորել երկրի ապագայով մտահոգ իր մարտական ընկերներին, իսկ լրագրողները միավորելու տակ հասկացել են միություն ստեղծելը:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի հետ իրենց հակադրելուն, նա դա բացատրում է այսպես.
«Ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց այդ կառույցի աշխատանքներին, արդեն մի քանի տարի է, չեմ մասնակցում: ԵԿՄ-ում հավաքված են մեր մարտական ընկերները, ուրիշ հարց է, որ մենք նրանց հետ ունենք տարաձայնություն` նրանք ծառայում են այս իշխանություններին, այս իշխանության մի մասն են, իսկ մենք համարում ենք, որ Հայաստանում պետք է իրավիճակ փոխել և դրա համար պետք է փոխել այս իշխանություններին: Ճիշտ է, մենք տարբեր մոտեցումներ ունենք, բայց մենք մարտական ընկերներ ենք և ոչ մի դեպքում իրար դեմ դուրս չենք գա»,- ասում է մեր զրուցակիցը, ով վստահեցնում է, որ իրենց հավաքներին մասնակցում են նաև 5-րդ բրիգադի նախկին մարտիկները:
Սա այն բրիգադն է, որի հրամանատարը Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու դրանից հետո եղել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Իրականում Սասուն Միքայելյանը ցանկացել է նոր միություն ստեղծել, և դրա մասին վկայում է նրա հարցազրույցի ձայնագրությունը: Այլ հարց է, որ ընդամենը երկու հավաքը բավարար է եղել՝ հասկանալու համար, որ ԵԿՄ-ից դժգոհ ազատամարտի վետերաններին նույն տանիքի տակ հավաքելն ուղղակի անհնարին գործ է: Եվ ահա թե ինչու: Փետրվարի 2-ին, երբ Միքայելյանը հրավիրել է ազատամարտիկների առաջին հավաքը, այդ ժամանակ արդեն պարզ է դարձել, որ այնտեղ հավաքված ազատամարտիկները ղեկավարվում են տարբեր կենտրոններից և ունեն տարբեր քաղաքական նախասիրություններ:
Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբերի: Առաջին խումբը Դաշտային հրամանատարների խորհուրդն է, որի ստեղծումն ու ստվերային ղեկավարումը կապում են Աշոտ Մանուչարյանի անվան հետ: Մյուս խումբ ազատամարտիկները նրանք են, ովքեր անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը և այդ պատճառով վերապահումներ ունեն ՀԱԿ-ից հեռացած Սասուն Միքայելյանի նկատմամբ:
Այս խմբի պայմանական ղեկավար կարելի է համարել Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանին, թեև նրա հետևում էլ կանգնած է ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Երրորդ խմբում այն ազատամարտիկներն են, ովքեր ունեն դաշնակցական անցյալ, և նրանց կոորդինատորը համարվում է նույնպես դաշնակցական անցյալ ունեցող Գառնիկ Իսագուլյանը, այս խմբում են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և նրա համախոհները:
Չորրորդ և ամենամեծ խումբն այն ազատամարտիկներն են, ովքեր չեն հարում այս խմբերից որևէ մեկին և ունեն տարբեր քաղաքական նախասիրություններ: Այս խմբերից յուրաքանչյուրը փորձելու էր նորաստեղծ միությունը քաշել իր տակ, սակայն բոլորի համար էլ պարզ է դարձել, որ իրենք միևնույն կաթսայում չեն կարող լինել:
Որպեսզի տարաձայնություններն ավելի չխորանան, և չառաջանա հարցը՝ թե ո՞վ է ղեկավարում միությունը, իսկ ո՞վ է ենթարկվում, որոշում է կայացվել հրաժարվել միություն ստեղծելու գաղափարից և կենտրոնանալ նպատակի, այն է՝ իշխանափոխության վրա:
Թվում է, թե շատ խելամիտ որոշում է. սակայն այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ իշխանափոխություն՝ հանուն ո՞ւմ, և այս հարցն ավելի շատ բաժանում է ազատամարտիկներին, քան միավորում: