
Որքանով են իրենց պաշտոնավարման ընթացքում ազատ եղել կամ ենթարկվել նախագահի հրամաններին ԱԳ նախարարները

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց գնահատականը տվեցին Հայաստանի նախկին երեք արտաքին գործերի նախարարներ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Վարդան Օսկանյանը:
Նախկին նախարարները խոսեցին նաև այն մասին, թե որքանո՞վ են իրենց պաշտոնավարման ընթացքում եղել ազատ իրենց որոշումներում կամ ենթարկվել նախագահի հրամաններին:
Վահան Փափազյանը, ով ԱԳ նախարար է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանում, այս առնչությամբ ասաց, որ, իհարկե, ինքը կատարում էր նախագահի հանձնարարականները, ինչպես ցանկացած նախարար: «Բայց, բնականաբար, ես ամեն անգամ լայն ազատ քննարկման հնարավորություն ունեի, և երբ մենք նախագահի հետ երկուսով էինք զրույցում, ես իր հետ չէի համաձայնում շատ հարցերոմ ու փորձում էի համոզել իմ ճշմարտացիությունը:
Այնպես որ՝ հարաբերական է: Բայց այն, որ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը, ամրագրված է Սահմանդրությամբ»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը, ով նույնպես ԱԳ նախարար է եղել Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, նշեց. «Քանի որ Վահանի հետ նույն նախագահի մոտ ենք աշխատել, մոտեցումը նույնն է եղել: Այն, որ Սահմանադրությամբ արձանագրված է, որ նախագահն է նշանակում և նախագահին է ենթարկվում այդ կառույցը, փաստ է, բայց անձնական հարաբերություններից է շատ բան կախված: Մի վտանգ կա հիմա, որը մեր ժամանակ չի եղել, որ արտգործնախարարը ավելի շատ կապ է ունենում այլ երկրի նախագահների, այլ երկրի ծառայությունների հետ: Սա պետք է բացառել»:
Վարդան Օսկանյանն էլ իր հերթին ասաց, թե արտգործնախարարից շատ բան է կախված: Նա նշեց, որ նախարարի ետևում նախարարություն, վարչություններ կան կանգնած ու գաղափարների գեներցիայի հնարավորություն կա: «Նախագահը ժամանակ չունի, բոլոր հարցերով է զբաղվում: Իհարկե, շատ է լինում, որ նախարարի կողմից է առաջարկություն արվում, նախագահն էլ կարող է համաձայնել կամ չհամաձայնել: Իսկ իմ պարագայում, քանի որ իշխանափոխություն եղավ, և Ռ. Քոչարյանի մոտ հստակ մոտեցումներ կային՝ Ղարաբաղի, Թուրքիայի և այլ հարցերով, ես հիշում եմ՝ հինգ տարբեր հարցերով, հստակ հայեցակարգ մշակեցի, նախագահին ներկայացրի:
Օրինակ, երբեք չի եղել, որ իմ ելույթը նախագահի հետ նախօրոք համաձայնեցված լինի: Այնպես որ՝ սա փոխադարձ հարաբերությունների վրա է: Իհարկե, լինում է, որ նախագահ-նախարար իրար համոզելու խնդիր ունեն, և իմ պարագայում սա շատ է եղել, որ Քոչարյանի հետ վիճաբանության մեջ եմ մտել ու փորձել որոշ հարցերում համոզել: Երբեմն սա ստացվել է, երբեմն՝ չի ստացվել»: