Կնոջը դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանը աֆեկտի տակ չի եղել, գիտակցությունը տեղն է եղել
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:
Դիանա Նահապետյանի սպանությունից արդեն 1 տարի է անցել, սակայն նրա 2 դուստրերը ոչ մի կերպ ուշքի չեն գալիս. անընդհատ մտածում են ինքնասպանության կամ էլ` իրենց մորը սպանած մարդուց վրեժ լուծելու մասին: Այսօր Դիանայի Նահապետյանի սպանության գործով դատական նիստից հետո երեխաների ապրումների մասին մեզ հետ զրույցում պատմեց երեխաների տատիկը` տիկին Վալյան:
35-ամյա Դիանա Նահապետյանին Վոլոդյա Մուրադյանը առանձնակի դաժանությամբ է սպանել. դանակի 21 հարված է հասցրել, ամբողջ մարմինը դանակի հարվածներից ծակծկված էր, ծաղկամանով բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին, այնպես է հարվածել, որ անգամ գանգոսկրն է ծակվել: Այսքան հարվածներ հասցնելուց հետո Վոլոդյա Մուրադյանը սենյակի դուռն է կողպել սպանված կնոջ վրա, ու դիմել փախուստի: Իրենց մոր սպանությանը ականատես են եղել նաեւ նրա դուստրերը. տիկին Վալյայի ներկայացմամբ` թոռը պատմել է իր տեսածը` «Տատի նենց էր դանակով խփում մամային, ոնց որ գուպկա ծակեր, անընդհատ խփում էր»:
Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որտեղ քննվում էր, թե´ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը հոգեկան ինչպիսի վիճակում է եղել հանցանքը կատարելիս: Դատարան էր հրավիրվել փորձագետն, ով հոգեբանական փորձաքննության մասնակիցն է եղել եւ եզրակացություն ներկայացրել:
Կողմերի հնչեցրած մի շարք հարցերից հետո դատարանը պարզեց, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտիտակ չի գտնել, նա եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիատկցությունից զրկված չի եղել: Այսինքն, մեղսունակ է եւ գիտակցելով է կատարել հանցանքը:
Փորձագետին դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացրել էր մեղադրյալի պաշտպանը, իսկ տուժող կողմի փաստաբան Արմեն Մանուկյանը դատական նսիտին ներկա չէր: Տիկին Վալյան դատաանում ասաց, որ նիստից րոպեներ առաջ է իմացել, որ իրենց փաստաբանը նիստին չի մասնակցելու.
«Առաջին անգամը չի, որ փաստաբան Արմեն Մանուկյանը նիստին չի գալիս: Ինչո՞ւ այսօր չէր եկել, շատ կարեւոր նիստ էր, ես չէի կարող մասնագիտական հարց տալ փորձագետին, իսկ ինքը պարտավոր էր ներկա լիներ, մի հատ հասկանայինք, թե փորձագետն ինչ ասեց, դատարանը ինչ որոշեց: Պայմանագիր եմ հետը կնքել, վճարի մասին պայմանավորվել եմ, բայց արդեն որերորդ անգամ է ինձ քաշում է Արմենը: Վոլոդիայի փաստաբանը ոնց որ թե ուզում է նենց անի, որ սարքեն աֆեկտի տակ է եղել հանցանքն անելիս: Փոքր թոռս պատմում է, որ երբ տեսել էր մորը սպանելիս, էդ սվոլոչին հարցրել է` ինձ էլ եք ուզում սպանել, դա ասել է` չէ, Ափո ջան, դու կարաս գնաս քո սենյակում քնես, բա աֆեկտի տակ եղած մարդը տենց բան կասե՞ր: Ու՞ր ա իմ փաստաբանը, նա պիտի այստեղ լիներ ու նենց աներ, որ հանկարծ աֆկետի տակ արած հանցանք չսարքեն»:
Փաստաբան Արմեն Մանուկյանը դատարանին նաեւ քաղհայց պետք է ներկայացներ` գումարի բռնագանձման պահանջով. տիկին Վալյան կոնկրետ գումար չասաց, բայց Վոլոդյա Մուրադյանից որպես փոխհատուցում նաեւ գումար են պահանջելու: «Փաստաբանն ինձ վստահեցրել է, որ քաղհայցն արդեն դատարանում է»,-ասաց տիկին Վալյան, սակայն դատավորը նիստին վստահեցրեց, որ հայցը չի ներկայացվել, եւ հորդորեց տիկին Վալյային, որպեսզի նրա փաստաբանը արագացնի այդ գործընթացը:
Այս առնչությամբ փաստբան Արմեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դատարանին տեղյակ էր պահել չներկայանալու մասին, առողջական խնդիրներ ունի, և պետք գնար բժշկի հետազոտության: Իսկ ինչ վերաբերում է տիկին Վալյայի դժգոհություններին, որ կարեւոր նիստին նա ներկա չի եղել փաստաբանն ասաց. «Փորձագետին ու մյուսներին, պաշտպանվող կողմը ուզի- չուզի հայկական ձեւով ասած` փրփրուներից կախվելու տարբերակ է: Այսօր Վոլոդյա Մուրադյանի վրա դրված է սպանության հոդված` 8-15 տարի ազատազրկում: Ես բացահայտ դատարանում ասել եմ, որ հոդվածի որակումը սխալ է եղել, պետք է դրվեր ոչ թե քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մաս, այլ 104-ի մասի 5-րդ կետ`առանձին դաժանությամբ սպանություն` 12-20 տարի, կամ ցմահ ազատազրկում:
Հոդվածը կփոխվի վերջում, հիմա նոր միջնորդություն է լինելու հոդվածը վերաորակելու, դա պարզ սպանություն չէ: Նա մոտ 20 հարված է հասցրել. ձեռքով, ոտքով, ձեռքի տակ եղած տարբեր իրերով, գլուխը, ծնոտը կոտրել է, կիսամեռ արել, հետո դանակով վերջացրել»: Ինչ վերաբերում է քաղհայցին, ապա պարոն Մանուկյանն ասաց, որ ինքը դեռ ժամանակ ունի. «Մինչեւ դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը ես իրավունք ունեմ քաղհայց ներկայացնելու, դատավորը նման բան չէր կարող ասել, որ ժամանակ չկա»:
Այնուամենայնիվ, ին փաստաբանի մասին տիկին Վալյան պնդում է` «Անպարտաճանաչ է, ես արդեն չեմ վստահում նրան»:
Վոլոդյա Մուրադյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ` հոդվածով` Սպանության հատկանիշներ:
Տիկին Վալյան մեզ պատմեց, որ թոռներին այս ծանր հոգեբանական վիճակից հանելու համար հոգբանի օգնությանն է դիմել, բայց չի կարողացել լիարժեք բուժումն ապահովել. «Ամոթ էլ է ասել, բայց էլ փող չունեի: Պարտք եմ անում, յոլա տանում: Չգիտեմ ինչ անեմ, թոռներս ահավոր ագրեսիվ են դառել, մեծս ասում է` տատի եթե դրան բան չլինի, ես իմ ձեռներով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Մեկը 18, մյուսը 15 տարեկան է, սենց փոքր-փոքր էդ անասունի պատճառով թոռներս հիստերիկ են դառել: Ջահել աղջկաս կյանքը խլեց, քանի տարի էլ տան, ցմահ էլ տան, ես չեմ կարող մխիթարվել»:
Վոլոդյա Մուրադյանն ու Դիանա Նահապետյանը օրինական ամուսիններ չէն, բայց մոտ 8 տարի է միասին էին ապրում. տիկին Վալյայի պատմելով` վեճերը նրանց մեջ անպակաս են եղել. «Աղջկաս ասել էր` քեզ մի օր ավտոյով ծեփելու եմ պատին, ասպանելու եմ. ահավոր խանդում էր, անիմաստ տեղը խանդում էր: Այ մարդ, կինդ վատն է, խանդում ես, թողնեիր գնայիր քո համար հանգիստ ապրեիր, ինչի՞ էրեխուս կյանքը խլեցիր: Ասում էի`, այ բալա, դա քեզ ի՞նչ ամուսին, թող գնա դրա մոտից, ասում էր` չէ մամա, լավ ա լինելու, ուղղվելու ա»:
Այս գործին հետևողական է Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը, որը Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Դեմ Կոալիցիայի անդամների հետ միասին ներկա գտնվեցին այսօրվա դատավարությանը: Արագ Արձագանքման Խմբի անդամների վստահեցմամբ` արվելու ամեն բան, որպեսզի դատաճիռն արդար լինի եւ հանցագործը արժանի պատիժ ստանա:
Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ