Բաժիններ՝

«20-25 տարի առաջ տնակները քայքայված չէին, մարդիկ հույս ու հավատ ունեին, հիմա դա էլ չկա»

asparez.am-ի հարցազրույցը «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ

– Պարոն Թումասյան, քաղաքաշինության նախարարությունը վերջերս «Մուշ-2» թաղամասի որոշ բնակիչների դեմ դատական հայցեր է ներկայացարել եւ ետ պահանջել պետության փոխհատուցած բնակարանները: Նման խնդրի առաջ կանգնել են հիմնականում մեկ սենյականոցների սեփականատերերը կամ նրանց ժառանգները, ովքեր չեն հասցրել պետությունից ստացած բնակարանները սեփականաշնորհել: Այս դեպքում ո՞ւմն է մեղքը:

– Բնակարան ստացած եւ այն սեփականաշնորհել չհասցրած, մահացած շահառուներից բնակարանները ետ վերցնելու գործընթացը, որը սահմանվել է 432 որոշմամբ, մեկնարկել է  2010 թ: Ճիշտ է, որոշման մեջ գրված չէ, որ մահանալու դեպքում բնակարանը վերադարձվելու է պետությանը, բայց գրված է, որ շահառուն փաստացի ներկա պիտի գտնվի սեփականաշնորհման գործընթացում: Եթե մյուս դեպքերում հնարավոր է լիազորագրով գործողություններն անել, ապա վիճակահանության, սեփականաշնորհման, նվիրատվության դեպքում շահառուն պետք է անձամբ ներկա գտնվի:

Մենք այս մասին խոսում ենք դեռ 2010 թ., երբ առաջին բնակարանները դեռ չբաշխած՝  մի քանի տարեց շահառուներ մահացան: Քանի որ այդ ժամանակ բանալիները չէին հանձնվել, բնակարանները այլեւս չտրվեցին, քաղաքաշինության նախարարի հրամանը փոխվեց եւ դրանք վերաբաշխվեցին: Խնդիրն այն է, որ չպետք է միատեսակ մոտեցում ցուցաբերել բոլորին, որովհետեւ այլ խնդիր է տարեց, առանց ժառանգ շահառուի բնակարանը ետ վերցնելը, այլ խնդիր է, երբ բնակարանի շահառուն ժառանգներ ունի, բայց տարբեր պատճառներով շահառու չի ճանաչվել: Պարզպապես պետք է որոշման մեջ նոր կետ ավելացնել, որ եթե շահառուն ընտանիք կամ ժառանգներ ունի, ապա նախքան սեփականաշնորհելը՝ բնակարանը իրենց փոխանցվի:

Բայց այս վերջին ՝ Նազարեթյան Հասմիկի դեպքը, մեծ հնչեղություն ստացավ: Նախարարությունը պատճառաբանում է, որ ինքը շահառու մեկ այլ պայմանով է ճանաչվել եւ տղայի հետ ուրիշ՝ 2 սենյականոց բնակարան են ստացել: Չնայած ընտանիքը 3 սենյականոց բնակարան է կորցրել: Այս դեպքում, կարծում եմ, ոչ թե հարցը դատարան պետք է մտներ, այլ կառավարության նիստ պիտի մտներ եւ բնակարանի վերաբերյալ առանձին որոշում կայցվեր:

– Փաստորեն կառավարության թերացման հետեւանքով է նման խնդիր առաջացել, այս դեպքում ինչքանո՞վ  է արդարացի բնակիչներին դատարանի առաջ կանգնեցնելը:

– Թերացումն այն է, որ որոշման մեջ նման դեպքեր նախատեսված չեն: Երկար ժամանակ է անցել մինչեւ բնակարան հատկացնելը, ընտանիքներում փոփոխություններ են եղել, դրա համար որոշումը կամ պարբերաբար պիտի փոփոխվի, կամ կառավարության առանձին որոշմամբ պետք է լուծվի խնդիրը: Եթե բնակիչը չի կատարել կառավարության որոշումը, չի հանձնել բնակարանը, դատական կարգով միայն կարող է վերցվել:

– Շա՞տ են նման խնդրի առաջ կանգնած ընտանիքների թիվը:

– Հիմա պրոբլեմային 3-4 դեպք կա, բայց հենց սկսվեց «Մուշ-2»-ի 1856 բնակարանի սեփականաշնորհման գործընթացը ու բացահայտվեց, որ չկան շահառուները, ընտանիքի անդամներն էլ շահառու չեն ճանաչվել, նոր այս խնդիրը ավելի մեծ կլինի: Հիմա չի ուսումնասիրվել, թե բնակարան ստացած միայնակ շահառուներից քանիսն են մահացել: Գուցե քաղաքապետարանը կամ մարզպետարանը ունեն նման տեղեկություն, չգիտեմ:

– Պարոն Թումասյան, Ձեր հաշվարկներով միայն տնակներում դեռ 3700 ընտանիք է ապրում: Կառավարության խոստացած 430 բնակարաններով խնդիրը մի փոքր կմեղմացվեր, բայց շինարարությունը այդպես էլ չի ընթանում…

– Շինարարության ընթացք չկա, իրենք խոստացել են գարնան գալուն պես սկսել աշխատանքները, մենք էլ հիմա մոնիտորինգ ենք անում, պարբերաբար գնում, ուսումնասիրում ենք: Ուղղակի պետք է գարնանը խնդրին նորից հասարակական հնչեղություն տրվի, աղմուկ բարձրացվի, որ ստիպենք աղետի գոտու շինարարությունը սկսեն: Դրանով, ճիշտ է, անօթեւանության խնդիրը չի լուծվում, բայց 430 ընտանիք գոնե բնակարան կստանա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս