Աշոտ Մելիքյան. Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են
«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով: Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):
Առցանց ԶԼՄ-ներում արձանագրված ատելության խոսքի խոսքի տարածմամբ օնլայն առաջատարը 7or.am կայքն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ատելության խոսքն ամենաքիչը դրսևորվել է Հանրային հեռուստաընկերությունում, ամենաշատը` Կենտրոն հեռուստաընկերությամբ: Տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների եւ հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում հանդիպել է ատելության 492 արտահայտություն և ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում`247 ատելության արտահայտություն:
««Օլիգարխ» բառը որոշ դեպքերում, ըստ համատեքստի, դիտարկել ենք որպես քաղաքական ատելության խոսք, որոշ դեպքերում` սոցիալական»,- ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի փորձագետ Աննա Ալոյանը` նշելով, որ ատելության խոսքի արտահայտություններում հատկապես քաղաքական գործիչների մականուններն են տարածված:
Բանախոսները որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացրեցին «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» բառերը: Աշոտ Մելիքյանը նշել է, որ հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանը հիշեցրել է իրենց կենտրոնի նկատմամբ 2013-ին տարածված ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին` նշելով իրավական գործընթացների և դատական գործընթացների դրական ելքերի մասին:
Աշոտ Մելիքյանը հավելել է, որ ըստ հետազոտության` ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ են: Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են (67%), մնացած դեպքում` քաղաքական-հասարակական գործիչները, պետական պաշտոնյաները և այլք:
«Մեդիա Կենտրոն»