Քննարկել են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրներ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին  գյուղատնտեսական ոլորտին  վերաբերող որոշ հարցեր, որոնք բարձրացվել էին փոխվարչապետի մարզային այցելությունների ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցում  էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,   Արմավիրի եւ Արարատի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Արամայիս Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման նախարարությունների, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյաներ:

Արարատի եւ Արմավիրի մարզերում  բարձացվել էր մշակաբույսերի  հիվանդությունների` հատկապես «կարտոֆիլի եւ լոլիկի ցեց» կոչվող վնասատուի եւ խաղողի վազի «ֆիլոքսերիա» հիվանդության տարածման եւ դրանց դեմ պայքարի խնդիրը:

Փոխվարչապետը Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին առաջարկեց նշված հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ մշակել: Նա կարեւորեց բոլոր շահագրգիռ  կառույցների`  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ԳԱՄԿ-երի, մարզպետարանների եւ համայնքների կողմից համակարգված աշխատանքների կատարումը: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց նաեւ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկման լայնածավալ աշխատանքների իրականացումը: Առաջնահերթ համարվեց «Ֆերոմոնային թակարդների» ձեռքբերումը, որը հնարավորություն է տալիս արձանագրել վնասատուների դեմ պայքարի ճշգրիտ ժամկետները: Կարեւորվեց դրանց տեղակայումը  հիվանդությունների առավել մեծ տարածվածություն ունեցող հատվածներում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան հաշվարկները կներկայացնի կառավարություն: Փոխվարչապետը նաեւ հորդորեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել թունաքիմիկատների եւ դեղամիջոցների որակին, որի վերաբերյալ նույնպես մարզերում դժգոհություններ կան:

Մարզերում բարձրացված հաջորդ խնդիրը վերաբերում էր անասնաբույժների գործունեությանն ու անասնաբուժական ծառայությունների մատուցմանը: Տեղեկացվեց, որ արդեն մշակվել եւ կառավարության քննարկմանն է ներկայացվել  համապատասխան օրենսդրական փաթեթ, որը կանոնակարգում է անասնաբույժների գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը: Մասնավորապես առաջարկվում է, որ վերջիններս լինեն Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցի հաստիքային աշխատողներ եւ  ապահովեն օրենքով սահմանված բոլոր պարտադիր ծառայությունների մատուցումը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարեւորվում է անհրաժեշտ թվով  անասնաբույժների առկայությունը, ինչպես նաեւ վարձատրության բավարար մակարդակի ապահովումը:

Նշվեց, որ հանրապետության ողջ տարածքում ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 1000 անասնաբույժ` ներկայիս 635-ի փոխարեն: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում կադրերի նպատակային պատրաստման դեպքում  հնարավոր կլինի բոլոր համայնքներում որակյալ անասնաբուժական ծառությունների մատուցում ապահովել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը նշեց, որ կառավարությանն է ներկայացվել «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման ծրագիրը», որով հիմնական աշխատանքը վերապահվում է անասնաբուժական համակարգին, առանց որի անհնար կլինի ծրագրի իրագործումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկված մյուս հարցը վերաբերում էր համայնքներում գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի մշակման խնդիրներին: Մարզերում որպես հողերի չօգտագործման հիմնական պատճառներ նշվում  են հողատարածքների մասնատվածությունը, վատ որակը եւ մի շարք այլ հանգամանքներ: Առաջնահերթ համարվեց  շրջանառության մեջ դնել այն հողատարածքները, որոնք գտնվում են ոռոգելի գոտիներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգույքագրի նման հողատարածքները, կվերլուծի չմշակման պատճառները եւ առաջարկություններ կներկայացնի  դրանց հետագա օգտագործման վերաբերյալ:

Փոխվարչապետը Գյուղատնտեսության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին առաջարկեց հաշվի առնել  բոլոր հանգամանքները եւ համապատասխան լուծումներ ու մեխանիզմներ առաջարկել,  այդ թվում` օրենսդրական, որոնց կիրառումը թույլ կտա նվազեցնել չօգտագործվող հողերի ծավալը:

Քննարկվեցին նաեւ մարզերում մասնագիտացված անասնագերեզմանոցների ստեղծման հնարավորությունները: Գյուղնախարարության պատասխանատուներին առաջարկվեց ներկայացնել անասնագերեզմանոցներին ներկայացվող չափանիշներն ու տեղաբաշխման սխեմաները` ըստ մարզերի: Նշվեց, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ եւս հարցը կքննարկվի:

Առաջիկայում փոխվարչապետի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն նաեւ մարզերում բարձրացված` մյուս ոլորտներին վերաբերող խնդիրները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս