
Լյուդմիլա Սարգսյանը՝ Կառավարությանը. Հաճախ սեփական բուրդը պետականի հետ խառնվում է

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Կառավարությունն առանց խորհրդարանին տեղյակ պահելու վաճառել «Որոտանի կասկադը»:
«Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ն Կառավարությանը լիազորել է կառամարման մանդատով և ոչ թե տնօրինման: Բայց շատ հաճախ սեփական բուրդը պետականի հետ խառնվում է. խոսքը «Որոտանի կասկադի» մասին է: Այս վաճառքը տրադիցիոն ատկատային գործա՞րք է: «Որոտանի կասկադը» գնելու համար հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ, սակայն վաճառքը տեղի է ունեցել առանց մրցույթի: Ինչո՞վ կարող եք սա բացատրել և ինչո՞ւ է Կառավարությունը որոշում կայացրել ստրատեգիական նշանակություն ունեցող շահութաբեր կառույցը վաճառել»,- հարցրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Ի պատասխան ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե 1,5 մլն դոլար շահույթ ունեցող կառույցի համար ներդրումներ անել հնարավոր չէ: ««Որոտանի կասկադն» արդեն 40 տարեկան է դառնում, իսկ նման կասկադների համար քառուսունը սահմանային տարիք է: Սա է եղել պատճառը, որ որոշվել է վաճառել «Որոտանի» գույքը»,- նշեց նախարարը:
Լյուդմիլա Սարգսյանը կրկին հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ-ն տեղյակ չի եղել վաճառքից, երբ Կառավարությունը լիազորված չէ տնօրինման իրավունքով:
«Դուք Ձեր հարցի պատասխանը տվեցիք, որ ինչ էլ պատասխանեմ՝ Ձեզ համար մութ է մնում: Եթե մութ է մնում, իմաստ էլ չունի պատասխանեմ Ձեր հարցին»,- պատասխանեց Արմեն Մովսիսյանը: