Հայաստանի երիտասարդական հիմնադրամ. Որոշ մարդիկ փորձում են շահարկել հիմնադրամի անունն ու համբավը
Վերջին օրերին որոշ մարդիկ փորձում են շահարկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն ու համբավը։ Պատճառը հավանաբար այն է, որ հիմնադրամը տարիների ընթացքում կարողացել է առանձնանալ իր ակտիվ ու ծավալուն գործունեությամբ, ծրագրային բազմազանությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մեծ վստահություն ունի ուսանողների և երիտասարդների շրջանում։ Հիմնադրամը մշտապես նրանց կողքին է, և հավանաբար դա է անհանգստացնում որոշ մարդկանց, ովքեր փորձում են ստվեր գցել կառույցի գործունեության վրա։
Հիմնադրամի աշխատանքով հետաքրքրվողների կողմից հրապարակված թվերը ոչ թե նրանց պրպտումների արդյունք են, այլ բացառապես մեր կողմից հրապարակված տվյալներն են, որոնք տեղադրված են և′ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կայքերում, և′ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքէջում, և′ տարեկան հաշվետվության մեջ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համագործակցում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հետ։ Տարեկան 200 միլիոն դրամ է նախատեսված երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի համար։ Թե ինչպես բաշխել գումարները և ում հատկացնել աջակցություն, որոշում է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը։
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հեղինակների խնդրանքով հատկացվող 200 միլիոն դրամը սպասարկվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2013թ. դարձել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն և իրականացնում է դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։ 2013թ. արդեն իրականացվել է բաց մրցույթ, շատ հասարակական կազմակերպություններ մասնակցել են, և ցանկացողները հենց այդ ՀԿ-ներից կարող են տեղեկանալ աշխատանքների թափանցիկության և օբյեկտիվության մասին։
Ընդ որում, մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից ու հասարակական կազմակերպություններից։ Առանձնահատուկ ծրագիր է 1-ին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը, որը հիմնադրամն իրականացնում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։
Արդեն 4-րդ տարին է՝ հիմնադրամը 60 միլիոն դրամի շրջանակներում փոխհատուցում է ուսանողների ուսման վարձը։ Ծրագիրը մեծ հեղինակություն է վայելում ուսանողների շրջանում, ինչի ապացույցը դիմող երիտասարդների տարեցտարի ավելացող թիվն է։ Նշվածները միայն խոշոր ծրագրերն են։
Բերենք մի քանի թիվ՝ հիմնադրամի աշխատանքների ծավալին ծանոթանալու համար. միայն 2013թ. ընթացքում իրականացվել է ավելի քան 180 ծրագիր։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների հետ, անվճար տրամադրում է իր միջոցները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն)։
Մասնավորապես, 2013թ. ավելի քան 50 կազմակերպություն ՀԵՀ-ի երիտասարդական կենտրոնում անցկացրել է շուրջ 360 միջոցառում։ Հիմնադրամի ծրագրերին մասնակցում են և ռեսուրսներից օգտվում են երիտասարդները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Անպայման ուզում եմ նշել մարզային երիտասարդական կենտրոնները, որոնք բավականին երկար ժամանակ անգործության էին մատնված հենց քննադատողների կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարման տարիներին։ Եվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մարզային երիտասարդության խնդրանքով վերաբացեց մարզային երիտասարդական կենտրոնները՝ իր միջոցների մի մասն ուղղելով այդ կենտրոնների աշխատանքներին։ Այսօր արդեն մեծաթիվ մարզաբնակ երիտասարդներ օգտվում են կենտրոնների տված հնարավորություններից, նրանց համար կազմակերպվում են տարաբնույթ ծրագրեր։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին և աշխատողների թվին։
Աշխատավարձային ֆոնդը կազմում է հիմնադրամի բյուջեի շուրջ 20 տոկոսը։ Ե′վ տեղական, և′ միջազգային չափանիշներով այդ տոկոսի աշխատավարձային ֆոնդը չի խոսում միջոցների ոչ արդյունավետ օգտագործման մասին։ Հիմնադրամն ունի 101 դրույք, որը զբաղեցնում է 122 աշխատակից, ովքեր էլ բաժանվում են 3 խմբի՝ մարզային 10 կենտրոնների աշխատանքն ապահովող, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնի (հանգստյան տուն) աշխատակիցներ և վարչական մասում աշխատողներ, որոնք ապահովում են ծրագրերի իրականացումը։ Ավելին, եթե 119000000 դրամ աշխատավարձի տարեկան ֆոնդը բաժանում ենք աշխատողների թվի վրա, ապա միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 81 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Այն դեպքում, որ հանրապետությունում պաշտոնական միջին ամսական աշխատավարձը 150 հազար դրամի սահմաններում է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երբեք չի խուսափում կառուցողական քննադատությունից։ Մենք պատրաստ ենք լսել դրանք, քանի որ քննադատություններն օգնում են մեր աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը։ Ինչ վերաբերում է բամբասանքների մակարդակի անդրադարձներին, ապա դրանք հավանաբար բամբասանքը տարածողների անգործության, պարապության և չարամտության հետևանք են։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակելու է իր կողմից որդեգրված բաց, թափանցիկ աշխատելու քաղաքականությունը։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն