Ընդդիմությունը գործարք է առաջարկում իշխանությանը

Այսօր Ազգային ժողովում շարունակվել են «գազային համաձայնագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ոչ իշխանական ուժերի առաջարկության քննարկումները: Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են «գազային պայմանագրերի» հետ կապված բոլոր մութ, կասկածելի, հակաօրինական կողմերը, հիմնավորել են այդ հարցով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը: Իշխանությունն էլ, տարբեր գործիչների միջոցով, հակադարձել է դրանց՝ բնականաբար, չկարողանալով որևէ հիմնավորում ներկայացնել առ այն, որ այդ համաձայնագրերի հետ ամեն ինչ կարգին է, և կարիք չկա այդ հարցով հանձնաժողով ստեղծել:

Բայց այսօրվա քննարկումներում հնչել է շատ ավելի հետաքրքիր ու ուշագրավ հայտարարություն: Մասնավորապես, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ հայտարարել է , որ եթե նրանք մերժեն «գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, ապա ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։ «Բնականաբար, լինելով նախաձեռնողներից, հեղինակներից մեկը, կողմ եմ քվեարկելու, շարունակելու եմ պնդել, որ, եթե չընդունեք, որ սա եղել է գրպանելու կամ քաղաքական հարց, ապա ոչ իշխանական ուժերն ամեն ինչ անելու են քաղաքական լայն օրակարգ ձևավորելու համար, որպեսզի պետությանը բերենք նորմալ զարգացման»,- ասել է Ռ. Հակոբյանը:
Դժվար է ասել, Ռուբեն Հակոբյանն այս հայտարարությունն արել է անձամբ ի՞ր կամ «Ժառանգությա՞ն», թե՞ բոլոր 4 ոչ իշխանական խմբակցությունների անունից: Թեև նրա հայտարարության տոնից ու վստահությունից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, դա «կոնսոլիդացված» դիրքորոշում է կամ, առնվազն, այդպիսին ներկայացնելու փորձ: Ռ. Հակոբյանը չի մասնավորեցրել նաև, թե հատկապես ի՞նչ նկատի ունի՝ «քաղաքական լայն օրակարգ» ասելով, սակայն Հայաստանում այդ արտահայտության տակ բոլորը հասկանում են իշխանափոխության պահանջը, ենթադրաբար՝ բոլոր ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ: Այս դեպքում էլ շատ դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս է իր այս հայտարարությունը Ռ. Հակոբյանը համաձայնեցրել տակավին նախօրեին ընդդիմություն լինելու մասին վերահայտարարած ԲՀԿ-ի կամ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն, անկախ այս, ինչպես նաև՝ բոլոր ոչ իշխանական ուժերի ընդգրկմամբ «քաղաքական լայն օրակարգի» ձևավորման իրատեսության հետ կապված բազմաթիվ այլ հարցերից, պետք է արձանագրել, որ նման դիրքորոշմամբ ընդդիմությունն իշխանությանը, ըստ էության, գործարք է առաջարկում. ստեղծել հանձնաժողով՝ իշխանափոխության պահանջով փողոց դուրս չգալու դիմաց:
Այն, որ ինչպես՝ «գազային համաձայնագրերը», այնպես էլ ու առավել ևս՝ դրանց պատճառ հանդիսացած Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չեղյալ հայտարարելու ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իրավիճակից դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհն իշխանափոխությունն է, թերևս, հասկանում են անգամ Հանրապետական կուսակցության անդամները: Սակայն ընդդիմությունն այլ գործելակերպ է որդեգրել՝ պայքարում է ոչ թե բուն պատճառի, այլ դրա առանձին հետևանքների դեմ: Արդյունքում՝ իշխանափոխությունը դառնում է ոչ թե պահանջ, այլ իշխանության հետ սակարկության առարկա:
Ակնհայտ է, որ «գազային պայմանագրերի» հարցով խորհրդարանական հանձնաժողովը որևէ գործնական հետևանք չի կարող ունենալ: Ներկայիս իշխանության պայմաններում առավելագույնն այդ հետևանքը կլինի այնպիսին, ինչպես, ասենք, Մարտի 1-ի և այլ աղմկահարույց հարցերով խորհրդարանական հանձնաժողովների արդյունքը: Այսինքն՝ ոչինչ: Այս իմաստով՝ ընդդիմության առաջարկն իշխանության համար շատ գայթակղիչ կարող է դառնալ. ստեղծում են հանձնաժողով, որի բացասական հետևանքն առավելագույնը լինելու է առանց այդ էլ՝ ամեն օր հնչող փաստերի ու քննադատության հրապարակումն ընդդիմադիրների կողմից, փոխարենը՝ ստանում են «քաղաքական լայն օրակարգ» չձևավորելու երաշխիք: Կստեղծվի՞ այդ հանձնաժողովը, թե՞ ոչ, պարզ կլինի այսօր կամ վաղը: Եթե իշխանությունն, այնուամենայնիվ, մերժի ընդդիմության առաջարկած գործարքը, նշանակում է՝ «քաղաքական լայն օրակարգ» ձևավորելու սպառնալիքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն ձևավորողների հետ արդեն իսկ սեպարատ գործարքներն աշխատում են:

Տեսանյութեր

Լրահոս