
Ֆրանսիական դատարանը ժամանակավորապես ազատ է արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Էքս ան-Փրովանս քաղաքի Վերաքննիչ դատարանը երեկ որոշում է ընդունել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին գրավի դիմաց կալանքի տակ պահելուց ազատ արձակելու մասին:
Վրացի քաղաքական գործիչն ազատության մեջ է մնալու մինչև փետրվարի 27-ը, երբ ֆրանսիացի դատավորները կհրապարակեն նրա հնարավոր արտահանձնման մասին վերջնական որոշումը: Վրաստանում նրան մեղադրում են կոռուպցիոն հանցանքներ գործելու մեջ:
Խոսքը գնում է պետությանը 50 միլիոն դոլարի վնաս պատճառելու մասին: Կեզերաշվիլիի փաստաբանները պնդում են, որ Վրաստանի իշխանությունները նրան հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին: Նշվում է, որ Կեզերաշվիլին մինչև փետրվարի 27-ը կրելու է էլեկտրոնային ապարանջան, որպեսզի շարունակի մնալ իրավապահ մարմինների տեսադաշտում: