16 տարի անց (տեսանյութ)
1998 թվականի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից: Փետրվարի 3-ը նորանկախ Հայաստանի ամենահակասական ու ամբողջությամբ չբացահայտված ամսաթվերից մեկն է: Գուցե պատմությունը հետագայում նոր լույսի ներքո կտա այն հարցի պատասխանը, թե իրականում ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց այդ քայլին, արդյոք միայն «հայտնի ուժերի» ճնշո՞ւմն էր պատճառը, թե՞ կային նաև ներքին ու արտաքին այլ գործոններ, որոնց ազդեցությունն անխուսափելի դարձրեց հրաժարումն իշխանությունից:
Անկախ հայտնի ու դեռևս չբացահայտված հանգամանքներից՝ անժխտելի է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը և դրան հետևած զարգացումները Հայաստանը հետ գլորեցին երկար ժամանակով: Այդ մասին անցած ավելի քան 15 տարիներին շատ է գրվել ու խոսվել:
Լայն իմաստով՝ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի, պետության կենսագործունեության բոլոր ոլորտների և 1998 թվականի փետրվարի 3-ի միջև բազմաթիվ պատճառահետևանքային կապեր կան, քանի որ Տեր-Պետրոսյանի հրաժարականով փոխվեցին ոչ միայն իշխանության հիմնական դեմքերը, այլև ներքին ու արտաքին հարաբերությունները, գաղափարական ու աշխարհայացքային մոտեցումները, քաղաքական համակարգն՝ ընդհանուր առմամբ:
Տեր-Պետրոսյանի հրաժարականի բացասական հետևանքների թվում ամենաքիչը, թերևս, նշվում է քաղաքական համակարգի անկատարությունը, ինչն իրականում Հայաստանի ներկայիս խնդիրներից ամենախորքայինը կարելի է համարել:
Տեր-Պետրոսյանն իր իշխանությունը փոխանցեց կամ հանձնեց գոնե այն ժամանակ՝ ապաքաղաքական (այդ բառի համակարգային իմաստով) Ռոբերտ Քոչարյանին կամ, ինչպես առաջին նախագահն էր ասել, «պատերազմի կուսակցությանը», որը, չնայած այս ձևակերպման մեջ առկա «կուսակցություն» արտահայտությանը, իրականում պատերազմ հայտարարեց կուսակցական ու քաղաքական համակարգին: Քոչարյանը դա սկսեց անգամ մինչև նախագահ դառնալը՝ դեռևս նախընտրական շրջանում հանդես գալով «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» ապաքաղաքական, հակաքաղաքական կարգախոսով:
Այն, ինչ Քոչարյանի իշխանության տասը տարիներին կատարվեց Հայաստանի քաղաքական դաշտում, մեծ հաշվով, հենց այդ կարգախոսի իրականացումն էր գործնականում: Քաղաքական համակարգը՝ որպես այդպիսին, ոչնչացվեց, գրեթե բոլոր կուսակցությունները, ոչ առանց իշխանության միջամտության, պառակտվեցին, շատերի քաղաքական ռեսուրսն ուղղակի փոշիացվեց՝ կուսակցապետերին պաշտոններ կամ իշխանության կերակրատաշտին մոտ գտնվելու այլ հնարավորություններ տալու միջոցով:
Սակայն պետք է արձանագրել, որ դրանում, գուցե անուղղակիորեն, մեծ է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքի բաժինը: Ի տարբերություն Քոչարյանի, նա քաղաքական համակարգի ներկայացուցիչ էր, նրա իշխանությունը՝ լավ կամ վատ, սակայն քաղաքական իշխանություն էր: Սակայն հրաժարական տալով՝ Տեր-Պետրոսյանը փոխանցեց կամ հանձնեց ոչ միայն նախագահի պաշտոնը, այլև իշխանությունն ամբողջությամբ՝ ինստիտուցիոնալ իմաստով՝ քաղաքական համակարգը փոխարինելով ապաքաղաքականով:
Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տվեցին նրա ներկայացրած կուսակցության՝ ՀՀՇ-ի գրեթե բոլոր պաշտոնյաները, իսկ ովքեր մնացին իրենց պաշտոններում, դարձան «Երկրապահ» կամ հանրապետական: Տեր-Պետրոսյանի հետ միասին, բարձրաստիճան մյուս ՀՀՇ-ականների՝ Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի, Ալեքսանդր Արզումանյանի և այլոց հրաժարականներն այն ժամանակ ներկայացվեցին՝ որպես «թիմի միասնականության» բացառիկ դրսևորում, ինչն, ակնհայտորեն, անձնապես, որպես առաջնորդ՝ շոյում էր առաջին նախագահին: Մինչդեռ քաղաքական իմաստով՝ դա, ըստ էության, նոնսենս էր, քանի որ կատարվածը ոչ թե դասական իշխանափոխություն էր, երբ ընտրությունների միջոցով էր իշխանությունը փոխվում (որի դեպքում քաղաքական թիմի հեռացումն օրինաչափ պետք է համարվեր), այլ՝ պալատական հեղաշրջում:
Իսկ այդ դեպքում Տեր-Պետրոսյանն անձնապես հեռանալով իշխանությունից՝ կարող էր գոնե որոշակի «մասնաբաժին» պահպանել նոր իշխանության մեջ՝ ի դեմս իր քաղաքական թիմի առանցքային անդամների: Կարելի է, իհարկե, ասել, որ Քոչարյանն ու պալատական հեղաշրջման մյուս դերակատարները դրան չէին համաձայնի, սակայն այդ մասին վստահաբար կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ հայտնի լիներ, որ Տեր-Պետրոսյանը փորձել է հեռանալուց առաջ իր քաղաքական թիմի պաշտոնների պահպանման մասին բանակցել իշխանությունը վերցնողների հետ:
Սակայն, ինչպես ասում են, պատմությանը նման տեղեկություններ հայտնի չեն: Արդյունքում՝ անձամբ հեռանալով՝ Տեր-Պետրոսյանը ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքականությունից գործնականում հեռացրեց սեփական քաղաքական թիմին, որի հետ 10 տարի անց միայն իշխանությանը վերադառնալու փորձ արեց: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:
Այսօր գրեթե բոլորը պնդում են, որ Հայաստանի ամենախորքային խնդիրը «երեք նախագահների եռանկյունին» է, ու մինչև այն չմեկուսացվի քաղաքականությունից, որևէ իրական փոփոխություն տեղի չի ունենա: Այդ եռանկյունու հիմքը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ 1998 թվականի փետրվարի 3-ին: Եռանկյունին մինչ օրս «բարեհաջող» շարունակում է գործել՝ նույն Տեր-Պետրոսյանի ու 16 տարի առաջ նրանից իշխանություն ստացած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հայաստանում իրական իշխանափոխության հնարավորությանն արդեն գրեթե որևէ մեկը չի հավատում: Մինչդեռ պարբերաբար պարարտ հող է ստեղծվում պալատական հեղաշրջումների համար: Ինչպես այսօր՝ պատմական փետրվարի 3-ից 16 տարի անց: