ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Ռուսաստանի ԱԳՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները

Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը վերաբերվում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության երեկվա հայտարարությանը` ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրման, ինչպես նաև՝ նույն հարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հունվարի 24-ի փարիզյան հայտարարությանը:

Ի պատասխան մեր հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ չի մեկնաբանում դրանք` պատճառաբանելով, որ Արտգործնախարարությունն արդեն տվել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ գնահատականը:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 24-ի հայտարարության մեջ հակամարտության կողմերին կոչ էին արել  «անվերապահորեն պահպանել զինադադարի ռեժիմը»: Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնպես խուսափել էր շփման գծում զինվորների սպանության համար որևէ պատասխանատուի նշել. ՌԴ ԱԳՆ-ն  հունվարի 30-ի հայտարարությամբ պարզապես մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ և հակամարտող կողմերին կոչ էր արել «ձեռնարկել հավելյալ միջոցներ՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»:

Իսկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում  սրվեց հունվարի լույս 20-ի գիշերը` ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության հետևանքով, զոհվեց հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: ԼՂՀ սահմանին հաջորդ զոհը գրանցվեց հունվարի 28-ին, երբ մարտական հենակետում ադրբեջանական դիպուկահարի գնդակից սպանվեց զինծառայող Կարեն Գալստյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս