
Մոսկվան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ

Մոսկվան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը:
«Մտահոգված ենք ղարարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի արդյունքում զինծառայողների շարքում զոհեր կան: Հաղորդվում են տեղի բնակիչների թվում վիրավորների մասին»,-ասված է Ռուսաստանի արտգործնախարարության մեկնաբանության մեջ:
Լարվածության հետագա սրման դեպքում «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բացասական հետեւանքներն անխուսափելի են»: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է, որ դա «կարող է լրջորեն դժվարացնել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:
Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է անում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ 1995 թվականի հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների կիրառումը: